Զանգվածային թունավորում Հայաստանում. հոսպիտալացվածներից 16–ը երեխաներ են

Այրումի դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները մեծահասակների հետ էքսկուրսիա են գնացել ու տնային պայմաններում պատրաստված քաբաբ են կերել։ Հիվանդանոց տեղափոխվածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և միջին ծանրության:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հունիսի 25-ին աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում  և լուծ) «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» է դիմել 43 անձ, որոնցից 23-ը (16 երեխա և 7 մեծահասակ) հոսպիտալացվել են: Նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր և միջին ծանրության: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Դեպքի առնչությամբ իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածները Տավուշի մարզի Այրում համայնքի բնակիչներ են` 29-ը Այրումի դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ, 14-ը՝ մեծահասակ: Խումբը նույն օրը 2 ավտոբուսով մեկնել է Շիրակի մարզ՝ էքսկուրսիա: Մասնակիցները Շիրակի մարզի «Ջարդի ձոր» կոչվող տարածքում կերել են տնային պայմաններում առավոտյան պատրաստված քաբաբ, որը պահվել է ոչ սառնարանային պայմաններում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Մանրէաբանական հետազոտության նպատակով հիվանդներից կատարվել է նմուշառում:

«Հիվանդանոց դիմած 43 անձից 23-ը՝ 16 երեխա և 7 մեծահասակ, այս պահին ստացիոնար բուժում են ստանում հիվանդանոցում: Նրանք այսօր կմնան այստեղ»,– Sputnik Արմենիային տեղեկացրեց Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը:

Նա նշեց, որ մյուսները ևս դեռ իրենց հսկողության տակ են: Մեկ անգամ ևս բուժզննում անցկացնելուց հետո, նրանք կարող են տուն վերադառնալ:

Արտակարգ դեպք Հայաստանում. մի տղամարդ որոշել էր թունավորել խմելու ջուրը

Հաշվի առնելով, որ տարվա շոգ եղանակին մարդիկ հանգստանալու նպատակով հաճախ են լինում բացօթյա տարածքում կամ ճամփորդում, առողջապահության նախարարությունը զգուշացնում և հորդորում է հանգիստը ճիշտ ու անվտանգ կազմակերպելու համար պահպանել մի շարք կարևոր կանոնններ.

  • երեխաներին մի՛ տվեք այնպիսի ուտեստներ, որոնք պարունակում են երշիկ, ապուխտ, միս, հավ, ճարպ, պանիր, ձու, եթե չունեք սառնարան կամ այլ հարմարություն՝ նշված մթերքները թարմ պահելու համար,
  • խուսափե՛ք երեխաներին հյուրասիրել աղցաններ, որոնք շոգ եղանակին շատ արագ փչանում են և կարող են ծանր թունավորման պատճառ դառնալ,
  • ավտոմեքենայում սննդամթերքը մի՛ պահեք մեկ ժամից ավելի,
  • խուսափե՛ք հատապտուղներ և այնպիսի միրգ և բանջարեղեն օգտագործելուց, որոնք արագ են փչանում՝ խաղող, բալ, դեղձ և այլն, գերադասելի են գազարը, տանձը և խնձորը,
  • կերե՛ք միայն որակյալ և համաճարակային տեսանկյունից անվտանգ սնունդ,
  • խորոված պատրաստելիս, անպայման հետևե՛ք, որպեսզի միսը լավ եփվի (ապահովե՛ք լրիվ թերմիկ մշակումը),
  • հավկիթն օգտագործելիս, կճեպը մաքրելուց առաջ, ցանկալի է լվանալ կերակրի սոդայի թույլ լուծույթով,
  • կիրառե՛ք անձնական կամ մեկանգամյա օգտագործման սպասք և հիգիենայի պարագաներ,
  • խմե՛ք միայն մաքուր ջուր՝ եռացրած կամ շշալցված, խուսափե՛ք բնական աղբյուրների ջրից,
  • ստեղծե՛ք պայմաններ հաճախ լվացվելու (ամեն ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո) և միրգն ու բանջարեղենը հոսող ջրով լվանալու համար,
  • մի՛ լողացեք անծանոթ և կասկածելի ջրամբարներում։

Հավի եփած թևիկներ և հավի մսով փլավ. Լոռիում էքսկուրսիան ավարտվել է ինֆեկցիոն հիվանդանոցում