ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դիմել է Երևանի այն քաղաքացիներին, ովքեր Երևանի տարածքում ապօրինի շինություններ, այդ թվում՝ կրպակներ են կառուցել:
«Ինքնակամ կառույցներ նախաձեռնողները ի սկզբանե պետք է տեղյակ լինեին, որ ապօրինություն են գործում, հետևաբար, ըստ էության, ինքնակամ կառույցներ իրականացնելու պահից սկսած՝ նրանք ժամանակ և հնարավորություն ունեին «իրենց ձեռքով» կանխելու կամ վերացնելու ապօրինությունը»,- նշում է Մարությանն ի պատասխան ապօրինի կառույցների տերերի աայն առաջարկին, որ քաղաքային իշխանությունները չքանդեն դրանք, այլ իրենց ժամանակ տան ինքնուրույն քանդելու:
«Ընդունեք այս հայտարարությունը որպես ևս մեկ զգուշացում: Սրանով ևս մեկ հնարավորություն ենք տալիս ձեզ՝ ժամ առաջ ապամոնտաժելու ապօրինի կառույցները: Երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու»,- նշում է նա:
Երևանի քաղաքապետը վստահեցնում է, որ քաղաքապետարանը հաստատակամ է և հետևողականորեն գնալու է բոլոր ապօրինի շինությունների հետևից:
Երևանյան կրիմինալը. ապամոնտաժվել են ապօրինի կրպակներ, Աջափնյակի ղեկավարը հրաժարական է տվել
Հիշեցնենք՝ Երևանի ավագանու հունիսի 22-ի նիստում Հայկ Մարությանը, անդրադառնալով օրեցօր ավելացող ապօրինի կրպակներին ու շինություններին, հայտարարել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։
Քաղաքապետը նշել էր, որ նախորդ տարվա դեկտեմբերից մինչև այսօր Աջափնյակ վարչական շրջանում իրավախախտման վերաբերյալ կազմվել է 60 վարչական արձանագրություն։