«Թանկագին Նիկոլ». Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին

Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի` որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական կարգավորման որոնման հարցում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Մեծարգո պարոն վարչապետ, թանկագին Նիկոլ, հունիսի 20-ին Հայաստանում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում Ձեր գլխավորած կուսակցության հաղթանակի կապակցությամբ` Ձեզ եմ հղում իմ շնորհավորանքներն ու հաջողություններ մաղթում Ձեր շարունակվող պաշտոնավարմանը` ի շահ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամ հայ ժողովրդի»,–    նշել է Մակրոնը:

Նրա խոսքով` Ֆրանսիայի և Հայաստանի միջև առկա են բացառիկ հարաբերություններ, որոնք հիմնված են մեր ժողովուրդների միջև պատմական առնչությունների վրա և սնուցվում են մեր երկրների կառավարությունների, խորհրդարանների, տեղական իշխանությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների միջև առանձնաշնորհյալ երկխոսությամբ:

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

«Ուրախ կլինեմ Ձեզ հետ շարունակել Ձեր առաջին մանդատի ընթացքում մեր համատեղ նախաձեռնած աշխատանքը: Գիտեք, որ Ֆրանսիան հետաքրքրությամբ է հետևում Հայաստանում Ձեր ձեռնարկած բարեփոխումներին: Ինչպես առիթ ունեցա վերահաստատելու Ձեզ ս.թ. հունիսի 1-ին Փարիզ կատարած Ձեր այցի ընթացքում, հայ ժողովուրդը ժողովրդավարության և իրավական պետության ամրապնդման իր հաստատակամության մեջ կարող է ապավինել Ֆրանսիայի լիակատար սատարմանը: Ֆրանսիայի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը ևս կշարունակի ամրապնդվել: Վճռական լինելով շարունակել խոցելի բնակչություններին մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը` Ֆրանսիան միաբան է Ձեր երկրի հետ՝ օգնելու հաղթահարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիարժեք հարգման պայմաններում»,– ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:

Այդ առումով նա վերահաստատել է Ֆրանսիայի` որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական կարգավորման որոնման հարցում:

«Հավատացած եղեք, որ մենք հանձնառու ենք հիմնախնդրի կարգավորման քաղաքական գործընթացի վերականգնմանը, որը միակ ուղին է, որ ի զորու է երաշխավորել Հարավային Կովկասում երկարատև կայունության հաստատումը, ինչպես նաև խթանել տարածաշրջանի ժողովուրդների հետ խաղաղության, համերաշխության և բարեկամության մեր ընդհանուր արժեքները»,– գրել է Մակրոնը:

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություն անցկացվեց։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն ամփոփեց բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

«Հայաստան» դաշինքը դատի է տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին