ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Սարգսյանն ընդգծել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դերը մեր երկրի քաղաքական կյանքում, գնահատելի համարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ կուսակցության արտահայտած կառուցողական դիրքորոշումը՝ հույս հայտնելով, որ նոր խորհրդարանում ներկայացված չլինելը չի ազդի կուսակցության քաղաքական գործունեության և ակտիվության վրա:
Նախագահը կարևոր է համարել ԲՀԿ քաղաքական փորձն ի շահ Հայաստանի Հանրապետության ծառայեցնելը և համոզմունք հայտնել, որ որպես արտախորհրդարանական ուժ «Բարգավաճ Հայաստանը» կշարունակի իր ակտիվ ներգրավվածությունը ունենալ քաղաքական գործընթացներում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ներքաղաքական իրավիճակի շուրջ:
Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություն անցկացվեց։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։
Հունիսի 21-ին ԿԸՀ–ն ամփոփեց բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։
«Հայաստան» դաշինքը դատի է տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին