ՀՔԾ-ն փաստաբաններին կոչ է անում դուրս չգալ մասնագիտական էթիկայի սահմաններից

Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննող քրեական գործով մեղադրյալ Ա. Չարչյանի պաշտպանության կողմն այսօր հայտարարություն է տարածել` չհիմնավորված կերպով պնդելով, որ «որևէ դեպքում քրեական գործ հարուցելու առիթ չի հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի ստուգողական գործողությունները»: Այս մասին նշված է ՀՔԾ պարզաբանման մեջ։

Արմեն Չարչյանի ձերբակալությունը քաղաքական քայլ է. Արա Աբրահամյան

«Այս կապացությամբ հարկ ենք համարում նշել, որ իրենց պաշտպանյալի անմեղության վերաբերյալ այս փուլում նմանատիպ հայտարարություններ կատարելն ընդամենը պաշտպանների կողմից տվյալ գործի վերաբերյալ հանրային կարծիք ձևավորելու անհեռանկար փորձ է, քանի որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ պարզորոշ կերպով նշվում է, որ քրեական գործի հարուցման հիմք են հանդիսացել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի թեկնածուի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ներկայացված զեկուցագրում նշված հանգամանքները, ինչպես նաև քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու նպատակով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութերի նախապատրաստման փուլում վարույթն իրականացնող մարմինն իրականացրել է անհրաժեշտ գործողություններ, այդ թվում` ձեռք է բերել Փաստերի ստուգման հարթակում (FIP) առկա` տվյալ իրադարձության վերաբերյալ հրապարակումներ:

Արմեն Չարչյանին կալանավորելու` դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված օրինական առիթի, այն է` վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված ստուգողական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալների, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկված վերոնշյալ հրապարակումներում առկա` ենթադրյալ հանցագործության մասին վկայող բավարար հիմքերի պայմաններում որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին:

ՀՔԾ-ն փաստաբաններին կոչ է անում դուրս չգալ մասնագիտական էթիկայի սահմաններից և զերծ մնալ վարույթն իրականացնող մարմնի օրինական գործունեությունը կասկածի տակ առնող հայտարարություններ կատարելուց:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Ի դեպ, Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։