Արմեն Սարգսյանը հանդիպել է Էդմոն Մարուքյանի հետ. ԼՀԿ առաջնորդը խոսել է իր ծրագրերի մասին

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ թեև արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով «Լուսավոր Հայաստանը» չի մտնում Ազգային ժողով, այդուհանդերձ կուսակցությունը ակտիվ գործունեություն կծավալի նաև խորհրդարանից դուրս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` Սարգսյանն ասել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերջին տարիներին իր դերակատարումն է ունեցել մեր երկրի քաղաքական կյանքում, ինչը չափազանց գնահատելի է:

«Թանկագին Նիկոլ». Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին

Նշվել է, որ կուսակցությունը մեկն էր այն քաղաքական ուժերից, որ երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար ի սկզբանե պաշտպանեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարը, ինչը կարևոր որոշում էր պետության կայունության ու ապագայի տեսանկյունից:

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ թեև արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով «Լուսավոր Հայաստանը» չի մտնում Ազգային ժողով, այդուհանդերձ կուսակցությունը ակտիվ գործունեություն կծավալի նաև խորհրդարանից դուրս՝ ի նպաստ երկրի զարգացման ու առաջընթացի:

Խոսելով իրենց առաջիկա ծրագրերի մասին՝ Էդմոն Մարուքյանը մասնավորապես ասել է, որ «Լուսավոր Հայաստանը» շարունակելու է ներկայացնել ու պաշտպանել իրենց դավանած արժեքներն ու գաղափարները:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ներքաղաքական իրավիճակի շուրջ:

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություն անցկացվեց։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն ամփոփեց բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

«Հայաստան» դաշինքը դատի է տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին