Արցախի և Հայաստանի միջև սեպ խրող հայտարարություններ. Արցախի ԱԺ-ի կոչը

ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք էր կազմակերպվել նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ անդրադարձել են Արցախի նախագահի հրաժարականի պահանջով արդեն մի քանի օր տեղի ունեցող հանրային հավաքներին:

Արցախի խորհրդարանականներն արձանագրում են, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքվ Արցախը հայտնվել է կենսական խնդիրների լուծման պարտադրանքի առջև:

«Պատերազմի ավարտից հետո նկատելի են բևեռացումներ, որոնք ուղեկցվում են պիտակավորումներով: Հանրության տարբեր շերտեր անհարկի վիրավորանքների թիրախ են դարձել. սպառնալիքներ են հնչում և հայի միասնականության ոգուն անհարիր երևույթներ դրսևորվում»,- ասված է հայտարարության մեջ:

Պատգամավորներն անընդունելի և դատապարտելի են համարում ազգին համախմբող բարոյական և պետական հիմքերի խարխլումը, հասարակության մեջ ատելության և թշնամանքի սերմանումն ու հրահրումը, որի արդյունքում ի հայտ են գալիս արհեստածին, լարված իրավիճակներ:

«Հատկապես վտանգավոր են այն հայտարարությունները, որոնք կարող են սեպ խրել Արցախի և Հայաստանի քաղաքացիների միջև»,- նշում են նրանք՝ կոչ անելով լինել միմյանց նկատմամբ հավասարակշիռ, հանդուրժող և հարգալից՝ իրենց կարծիքներն ու մոտեցումներն արտահայտելու գործում:

Ինչը ծնեց արցախցիների վրդովմունքը. քաղաքագետը` Ստեփանակերտի բողոքի ակցիաների մասին

ԱԺ պատգամավորները համոզմունք են հայտնում, որ խորհրդարանը կարող է լինել երկխոսության լավագույն հարթակ հանրային պահանջները ներկայացնելու, քաղաքական և հասարակական կառույցների տեսակետները առարկայական դարձնելու ու գործնականի վերածելու համար:

Հիշեցնենք՝ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 21-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվել հանրահավաք էր կազմակերպվել՝ նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։

Ակցիայի մասնակիցներն իրենց պահանջը պայմանավորում էին ոչ միայն Արցախյան 44-oրյա պատերազմի ծանր հետևանքներով, այլև ընտրություններին հաջորդող գիշերը Հարությունյանի՝ ՔՊ շտաբ այցով։

Հանրահավաքի մասնակիցները կարծիք էին հայտնում, որ Արայիկ Հարությունյանը չի կարող ներկայացնել Արցախը, չի կարող ներկայացնել արցախցիների տեսակետը։

Սուտ լուրերը խարխլում են հավատը պայմանավորվածությունների հանդեպ․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Արցախի մասին