Ադրբեջանական պաստառները հանվել են Բարսելոնայի մետրոյի կանգառներից

Մետրոյի տնօրեն Ռամոնն իր ափսոսանքն է հայտնել, որ գովազդային ծառայություններ մատուցող ընկերությունն առանց մետրոյի ղեկավարության հետ համաձայնեցնելու փակցրել էր դրանք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Ադրբեջանական պաստառները հեռացվել են Բարսելոնայի մետրոյի կանգառներից։ Տեղեկությունը հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Նշենք, որ գովազդային պաստառները հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնում էին որպես ադրբեջանական։

Ալիևը պնդում է, որ Հայաստանի հետ հաշտության պայմանագիր է պետք կնքել

«Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանին ուղղված պատասխան նամակում տեղեկությունը հայտնել է մետրոյի տնօրեն Ռամոն Բակարդի Գասկոնը։ Վերջինս նաև իր ափսոսանքն է հայտնել, որ գովազդային ծառայություններ մատուցող ընկերությունն առանց մետրոյի ղեկավարության հետ համաձայնեցնելու փակցրել էր դրանք»,–ասված է հայտարարության մեջ։

Մինչ այդ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը նամակ էր հղել Բարսելոնայի մետրոյի տնօրինությանը՝ իր վրդովմունքը հայտնելով Բարսելոնայի մետրոյի կանգառներում տեղադրված ադրբեջանական պաստառների կապակցությամբ։

Հիշեցնենք, որ նմանօրինակ դեպք պատահել էր նաև Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում` Լոնդոնում։ Միացյալ Թագավորությունում  ՀՀ դեսպանության, ինչպես նաև ՄԹ-ում գործող մի շարք համայնքային կազմակերպությունների ներկայացված բողոքներից հետո հայկական պատմամշակութային ժառանգությունը որպես ադրբեջանական ներկայացվող պաստառները հանվեցին Լոնդոնի մետրոյի կայաններից։