Զոհված Ալբերտ Հովհաննիսյանի մայրը «քաղաքական բացահայտումների համար» հրավիրվել է ՀՔԾ

Զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, Facebook-ի իր էջում գրառում է արել ու ամոթանք տվել իրավապահներին անհարգալից վերաբերմունքի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Արցախյան վերջին պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն՝ «քաղաքական բացահայտումների համար»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։

Գերությունից վերադարձած Էրիկն ու զոհված Ալբերտը եղբայրներ են. լռել են, որ տղային չվնասեն

«Պատերազմի օրերին և հետո բազմիցս շոշափվեցին ու փաստեր բերվեցին դավադիր, նախապես պլանավորած գործողությունների մասին, որոնք ի վնաս մեր հայ զինվորի էր արվել։ Ես` որպես հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայր, ակնկալում էի, որ մի օր հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները կթակեն իմ և մյուսների դուռը նշված ոլորտի բացահայտումներ կամ պարզաբանումներ անելու նպատակով։ Բայց ո'չ, այսօր քննչական ծառայությունը հրավիրում է Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին քննչական ծառայություն քաղաքական բացահայտումների համար»,–գրել է Հովհաննիսյանը և կից հրապարակել ՀՔԾ ծանուցումը։

Արտակ Հովհաննիսյանը որպես գրառման հետգրություն նշել է. «Վերջապես հարգել սովորեք»։

Հայտնի լուսանկարի Ալբերտը. ընկերները պատմում են միշտ հաղթող տղայի մասին

Հիշեցնենք, որ հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը զոհվել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հերոսին հետմահու պարգևատրել է «Արիության համար» մեդալով։

Ալբերտ Հովհաննիսյանի հայրը որդու մահից հետո իր անձնական մեքենան նվիրեց հայոց բանակին։