Զինվորների քվեարկության տեսանյութի հիման վրա նյութեր են նախապատրաստվում. դատախազություն

Համացանցում քննարկման թեմա դարձած տեսանյութում զինծառայողները քվեախցիկում ոչ թե ընտրություն են կատարում, այլ վերցնում են այնտեղ նախապես դրված ծրարով քվեաթերթիկը և, դուրս գալով քվեախցիկից, այն գցում քվեատուփի մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Զինծառայողների քվեարկության աղմկահարույց տեսանյութի հիման վրա նյութեր են նախապատրաստվում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Տեսանյութն ուղարկվել է ՀՀ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժին՝ նյութեր նախապատրաստելու համար»,– ասացին դատախազության լրատվական բաժնից։

Հիշեցնենք` հունիսի 23-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր հրապարակվել, որում զինծառայողները քվեախցիկում ոչ թե ընտրություն են կատարում, այլ վերցնում են այնտեղ նախապես դրված ծրարով քվեաթերթիկը և, դուրս գալով քվեախցիկից, այն գցում քվեատուփի մեջ։

Մինչ այդ` հունիսի 20-ին, ՊՆ–ն հայտարարություն էր տարածել` պնդելով, որ զինվորների` ուղղորդված քվեարկության մասին լուրերն անհիմն են։