Վերաքննիչ դատարանում մեկնարկեց «Մարտի 1»-ի գործով դատախազության բողոքի քննությունը

Պաշտպանական կողմը դատախազության միջնորդությունը լսելուց հետո դատարանից լրացուցիչ ժամանակ խնդրեց դրան առավել մանրամասն ծանոթանալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր մեկնարկեց «Մարտի 1»-ի գործով դատախազության ներկայացրած բողոքի քննությունը։

Քրեական գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, ներկայացնելով դատախազության ներկայացրած միջնորդությունը, մասնավորապես ասաց, որ դատախազության համոզմամբ, ՍԴ–ի կողմից Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պարագայում «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը ոչ թե պետք է կարճվեր Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, այլ փոխարինվեր 309–րդ հոդվածի 3–րդ մասով։

«Սույն գործով ամբաստանյալները ՍԴ–ի որոշման կայացման պարագայում կատարել են Քրեական օրենսգրքի 309–րդ հոդվածի 3–րդ մասով նախատեսված արարք»,– ասաց Բաղդասարյանը։

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը վերաբերում է սահմանադրական կարգի տապալմանը, իսկ 309–րդ հոդվածի 3–րդ մասը` պաշտոնեական լիազորություններն անցնելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Հայաստանում քաղաքացիական բախումներ չեն լինելու, Մարտի 1 չի կրկնվելու. Փաշինյան

Պաշտպանական կողմը դատախազության միջնորդությունը լսելուց հետո դատարանից լրացուցիչ ժամանակ խնդրեց` դրան առավել մանրամասն ծանոթանալու համար։

Տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն առարկեց փաստաբանների այդ միջնորդության դեմ` ասելով, որ իր համոզմամբ` լրացուցիչ ուսումնասիրության կարիք չկա։

Դատարանն, այնուամենայնիվ, բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը` դատական նիստը հետաձգելով մինչև հուլիսի 15-ի ժամը 15։00–ն։

Մարտի 1-ի նիստը հետաձգվեց. ընտրություններից հետո պարզ կլինի` ով ինչ կարգավիճակ կունենա

Հիշեցնենք՝ ՍԴ–ն մարտի 29-ին, հրապարակել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշումը, որից հետո այն արդեն օրինական ուժ է ստացել: Այդ հոդվածով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում էր սահմանադրական կարգի տապալման համար:

«Մարտի 1»-ի գործով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը մեղադրվում են միայն 300.1 հոդվածով: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացի այդ հոդվածից մեղադրվում է նաև 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը), իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը այս երկու հոդվածներից բացի` նաև 190–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը կամ փողերի լվացումը):

Մարտի 1-ի գործով անցնող Միքայել Հարությունյանի մեղադրանքը փոխվել է. ՀՔԾ