Նիկոլ Փաշինյանը ընտրություններին պարտված ուժերին կընդգրկի մի մարմնում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը խորհրդարան չանացած կուսակցության ղեկավարների հետ հանդիպումների շարք է նախաձեռնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում գրում է, որ խորհրդարան չանցած ուժերի ղեկավարներին ընդունելով` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նրանց ոչ թե պաշտոններ է առաջարկել, այլ` ստեղծել արտախորհրդարանական ուժերից ձևավորված մի մարմին, որտեղ ներգրավված կլինեն պարտված ուժերի այն առաջնորդները, ովքեր կսեղմեն իր մեկնած «համերաշխության ձեռքը»։

Փաշինյանն ու իր կապիտալը. ո՞րը կլինի ընդդիմության ճիշտ քայլն այս իրավիճակում

«Ասել է թե` ճիշտ չէ, որ քաղաքական այդ կապիտալը կորչի, և պետք է նրանք իրենց կարծիքը հայտնեն, որոնք ինքը կլսի եւ կկիրառի»,–գրում է թերթը։

Թերթին հայտնի է դարձել, որ որևէ գործչի կոնկրետ պաշտոն չի առաջարկվել որևէ համակարգում, ինչից հանդիպման մասնակիցներից ոմանք եզրակացրել էին, որ ստեղծվելիք խորհուրդը կգործի բյուջեի հաշվին, և խորհրդի անդամներն էլ աշխատավարձ կստանան։ Այսինքն՝ Փաշինյանն իր համախոհ-հաճախորդներին անգործ չի թողնի։

Հունիսի 22–ից Նիկոլ Փաշինյանն ընդունում է մարդ-կուսակցությունների առաջնորդներին, որոնք մասնակցում էին ընտրապայքարին, բայց նրանց հիմնական առաքելությունը ձայներ փոշիացնելն ու  Փաշինյանի հաղթանակին նպաստելն էր։

Նա արդեն ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, նորաստեղծ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին, Շիրինյան-Բաբաջանյան դաշինքից՝ Լևոն Շիրինյանին և Արման Բաբաջանյանին, Սամվել Բաբայանին, ՔՈ վարչության անդամ Սուրեն Սահակյանին, նաև Տիգրան Ուրիխանյանին՝ «Մեր տունը Հայաստանն է» քաղաքական ուժի ղեկավար, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին, Տիգրան Արզաքանցյանին, Դավիթ Սանասարյանին։

Վերահաշվարկի արդյունքներն ամփոփվեցին. որ ուժի ձայներն են ավելացել կամ պակասել

Հիշեցնենք, որ հունիսի 21-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը երկխոսության կոչ էր արել բոլոր «սեգմենտներին», որոնց հետ մինչ այդ բանավեճ է ունեցել։ Այս հրավերը որոշ ուժեր, օրինակ, Ազգային ժողովրդական բևեռը և Կարին Տոնոյանի «5165» շարժումը, մերժել են: