ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Համացանցում հայտնվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի՝ բժշկական հաստատության անձնակազմի հետ հանդիպմանն ունեցած ելույթի ամբողջական ձայնագրությունը: Տեսանյութը հրապարակել է 168.am կայքը:
Ելույթի հենց սկզբում Չարչյանը նշում է, որ ինքն արձակուրդում է, բայց եկել է աշխատակիցների առաջ իր քաղաքացիական պարտքը կատարելու, նրանց հետ խոսելու «այն արհավիրքի մասին, որում այսօր գտնվում է երկիրը»։
«Դուք գիտեք, որ ես «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում 20-րդ համարն եմ: Սա անցողիկ տեղ է, բայց ես ձեզ մոտ եկել եմ ոչ որպես քաղաքական գործիչ։ Ես հիմա ներկայացնում եմ ոչ թե «Հայաստան» դաժշինքը, այլ ինքս ինձ` Արմեն Չարչյան` ձեր կոլեգա, բժիշկ, քաղաքացի, Հայ առաքելական եկեղեցու գործընկեր, քաղաքացի և հետևորդ: Ես եկել եմ ձեզ խնդրելու ու պահանջելու բոլորիցդ, որ գնաք ընտրությունների։ Թողնել, որ ինչ–որ մեկը ձեր փոխարեն ինչ–որ բան ընտրի, նշանակում է ձեր երեխաների, թոռների և ապագա սերունդների ապագան զիջել ինչ–որ մեկին»,-ասում է նա:
Չարչյանը նաև նշում է, որ ընտրության չգնացողներին դիտարկելու է որպես իր խնդրանքը, իր պահանջը չկատարողի։
«Իսկ եթե որևէ մեկն այստեղ նստածներից չի կատարելու իր տնօրենի խնդրանքը, հորդորը, պահանջը, տնօրենը և ողջ տնօրինությունը բացարձակ նույն, շատ ավելի կոշտ վերաբերմունքն է ունենալու այդ մարդու նկատմամբ»,– ասում է տնօրենը։
Պրոֆեսորը շեշտում է, որ ինքը բժշկական կենտրոնում քարոզչություն չի իրականացնում, քանի որ գիտի, որ դա քրեորեն պատժելի արարք է, և հորդորում է իր խոսքերը չընկալել որպես շահագրգռություն։ Բայց և հիշեցնում է, թե բժշկական կենտրոնի սեփականատեր Հայ Առաքելական եկեղեցին ինչ քաղաքական դիրքորոշում ունի ընտրություններում։
Չագուճ և բիզնեսի վրա հարձակումներ. Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության հետքերով
Միաժամանակ նա նշում է, որ եթե պարզի, որ որևէ մեկը «գնացել և ընտրել է ներկա ապաշնորհ իշխանություններին, այսինքն` Մայր աթոռին ու մեր բաժնետիրոջ հորդորներին հակառակ», այդ աշխատակցի նկատմամբ անմիջապես ընտրություններից կետո որևէ ռեպրեսիա չի լինելու։ Բայց և անմիջապես էլ հիշեցնում է մի հին պատմություն այն մասին, թե ինչպես է տան տերը հյուրին մեղադրում իրենց ոսկե գդալը գողանալու մեջ։ Իսկ հաջորդ անգամ հանդիպելիս ասում, որ այն գտնվել է։ «Գդալը գտնվել է, բայց նստվածքը մնացել է», - ասում է պատմության հերոսը։
Չարչյանն այս պատմությւոնը եզրափակում է հետևյալ խոսքերով. «Կյանքում ոչ մի բան անհետևանք չի մնում»։
Փաշինյանի քարոզարշավին մասնակցելն արգելելու համար Գորիսում պաշտոնյա է ձերբակալվել