Նախկինում թավշյա էր, դրա համար չի եղել. ինչու պետք է վարչապետին դիմավորելիս ոտքի կանգնել

Մինչ կառավարության նիստի մեկնարկը վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանը ներկաներին զգուշացրել էր Փաշինյանին հոտնկայս դիմավորել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն այսօր կառավարության նիստի ավարտին, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ նաև կառավարության նիստում տեղի ունեցած ու տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձած միջադեպին։

Փաշինյանին հրապարակում հանձնեցին «պողպատե մանդատ». տեսանյութ

Մինչ կառավարության նիստի մեկնարկն ու վարչապետի պաշտոնակատարի` դահլիճ մտնելը, երբ արդեն ուղիղ հեռարձակումը միացված էր, վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանը ներկաներին զգուշացրել էր Փաշինյանին հոտնկայս դիմավորել։

Լրագրողների հարցին, թե գուցե այս կերպ Փաշինյանի հիշատակած դիկտատուրան ուժի մեջ է մտե՞լ, Ռոմանոս Պետրոսյանը նախ ծիծաղեց, ապա ասաց. «Դա դիկտատուրայի հետ կապ չունի։ Պետական բարձրագույն թիվ մեկ պաշտոնյան, երբ մտնում է սրահ, կոռեկտ է, որ ներկաները ոտքի կանգնեն»։

Իսկ թե ինչու նախկինում այդ կարգը չի պահպանվել, Պետրոսյանն այս կերպ մեկնաբանեց. «Դե, նախկինում գուցե թավշյա էր, դրա համար չի եղել, հիմա պողպատյա է»։

Դատապարտելի երևույթ. ՄԻՊ-ը դիմել է ոստիկանությունը` Փաշինյանի հավաքի մուրճերի խնդրով

Նշենք, որ կառավարության նիստերի տեսանյութերի դիտարկումը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք վարչապետի հոտնկայս ողջունելու ավանդույթ չի գործել։ Չի գործել նաև Կարեն Կարապետյանին ու Սերժ Սարգսյանի վարչապետության օրոք։

Կառավարության անդամները Սերժ Սարգսյանի դահլիճ մտնելիս ոտքի են կանգնել միայն նրա` նախագահի պաշտոնում կառավարության նիստը վարելու ժամանակ։