ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) այսօր քննարկվել է վերջին օրերին ՀՀ քաղաքացիներին հուզող հարցերից մեկը` ինչու են հաճախացել ջրամատակարարման անջատումներն ու որքանով է դրանց համար պատասխանատու էներգետիկ համակարգը։
Ինչպես հայտնում են ՀԾԿՀ–ից, հաշվի առնելով վերջին օրերին ջրամատակարարման համակարգում ստեղծված լարված իրավիճակն ու բաժանորդների դիմում-բողոքները, հանձնաժողովում կազմակերպվել է հանդիպում «Վեոլիա Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են էլեկտրաէներգետիկական համակարգում լարման անկումների, սպառողների ջրամատակարարման ժամանակացույցի խախտումների, ջրանջատումների և ջրի ցածր ճնշման հետ կապված հարցերը:
Քննարկման արդյունքում կողմերը հանգել են եզրակացության, որ ջրամատակարարման համակարգում առաջացած խնդիրները հիմնականում պայմանավորված են եղել Հայաստանում դիտվող եղանակային աննախադեպ բարձր ջերմաստիճանային ֆոնով, ինչն էլ հանգեցրել է ինչպես ջրի, այնպես էլ էլեկտրաէներգիայի սպառման ծավալների աճի։
Արդյունքում համակարգերն աշխատել են գերծանրաբեռնված ռեժիմով:
Իրավիճակը կայունացնելու համար էլեկտրաէներգետիկական համակարգում թողարկվել են լրացուցիչ (ռեզերվային) հզորություններ:
Սպառողներին անհարմարություններից զերծ պահելու համար կողմերը պայմանավորվել են այսուհետ տեխնիկական բնույթի խնդիրների ի հայտ գալու դեպքում ձեռնարկել համատեղ միջոցառումներ դրանք սեղմ ժամկետում կարգավորելու նպատակով:
Հիշեցնենք` ամեն ինչ սկսվեց հունիսի 22-ին, երբ «Վեոլիա Ջուրը» հայտարարեց, որ ջրամատակարարման համակարգի պոմպակայանների աշխատանքում ընդհատումներն առաջացել են ՀԷՑ-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով։ Դրանով պայմանավորված նվազել է սպառողներին մատակարարվող ջրաքանակը: ՀԷՑ-ն իր հերթին արձագանքեց «Վեոլիա Ջրի» հայտարարությանը` ասելով, որ ընկերության մի քանի ենթակայաններում լարման շեղումներ են առաջացել, որոնք ջրամատակարարման համակարգում խախտումներ առաջացնել չէին կարող։
Արդեն 3-րդ օրն է` սպառողներն ահազանգում են ջրամատակարարման երկարատև ու չհայտարարված դադարների մասին` «Վեոլիա Ջուր» ընկերությունից պահանջելով պատշաճ որակի ծառայությունների մատուցում։
Ջրանջատումներ են գրանցվում ինչպես Երևանի տարբեր համայնքներում, այնպես էլ ՀՀ մարզերում։ Երբեմն դրանք տևում են մի քանի ժամ։