Մանսուրյանի «Քավարանը». հայ դասականը դիմել է իտալացի դասականին

Անվանի հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործության պրեմիերան տեղի կունենա Իտալիայում` Դանթե Ալիգիերիի 700-ամյակին նվիրված հեղինակավոր փառատոնի շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հայաստանի պետական կամերային երգչախումբը իտալացի մեծ դիրիժոր Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ գործող սիմֆոնիկ նվագախմբի հետ Ռավեննայում կայանալիք փառատոնին կկատարեն  Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործությունը։

Մշակութային դիվանագիտության հանձնաժողով է ստեղծվել. ղեկավարը Տիգրան Մանսուրյանն է

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հետ կապված սահմանափակումների պատճառով երկարատև լռությունից հետո Իտալիայում այս տարի վերականգնվում են երաժշտական միջոցառումները։  Ադրիատիկ ծովի ափին` Ռավեննա քաղաքում, հուլիսին 31-րդ անգամ կկայանա օպերային և սիմֆոնիկ երաժշտության Եվրոպայի ամենահեղինակավոր փառատոներից մեկը։ Այս անգամ փառատոնը նվիրված կլինի իտալացի մեծ բանաստեղծ, մտածող, աստվածաբան և գրական իտալերենի հիմնադիրներից մեկի` Դանթե Ալիգիերիի 700-ամյակին։

Կազմակերպիչների պնդմամբ` փառատոնը կբացվի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի 41-րդ դո մաժոր սիմֆոնիայի (ավելի հայտնի է որպես «Յուպիտեր») հանդիսավոր և հիասքանչ կատարմամբ։

Սա կլինի առաջին մեծ երաժշտական միջոցառումը, որն ամռանը կգրավի տասնյակ հազարավոր հանդիսատեսների ամբողջ աշխարհից։

«Կերգենք դասականների մի շարք ստեղծագործություններ, որոնց թվում է նաև մեր դասական Տիգրան Մանսուրյանը իր նոր հիասքանչ աշխատանքով։ Աշնանը նոր ելույթներ են սպասվում ինչպես Իտալիայում, այնպես էլ Երևանում` նույն կազմով։ Մուտիից հանճարեղից բացի՝ այլ բան ակնկալել չարժե։ Ուրախ ենք, որ նա մեզ նկատեց, ցանկացավ համագործակցել, և կրկնակի ուրախ ենք մաեստրո Մանսուրյանի համար, ով շարունակում է մեր ազգը ներկայացնել ամբողջ աշխարհում ամենաբարձր մակարդակով»,- ասաց Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։

«Կաֆկայի երազը» հայկական անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Հելսինկիի միջազգային փառատոնում

Տիգրան Մանսուրյանն իր հերթին ընդգծեց ինչպես փառատոնի, այնպես էլ Դանթեի և նրա «Աստվածային կատակերգության» կարևորությունը։

«Ինչպես գիտեք, Դանթեի ստեղծագործությունը բաղկացած է երեք մասից. «Դրախտ», «Քավարան» և «Դժոխք», փառատոնի ղեկավարությունն ինձ խնդրեց երաժշտություն գրել «Քավարանի» համար։ Մաեստրո Մուտին ցանկություն հայտնեց ներկայացնել  այդ ստեղծագործությունը ինչպես Իտալիայում, այնպես էլ Երևանում, ինչը շատ է ինձ ուրախացնում», – ասաց Մանսուրյանը։

Մանսուրյանն ու Մլքեյանը համագործակցում են ավելի քան 30 տարի, սակայն Ռավեննայի փառատոնում Մուտիի նվագախմբի հետ համատեղ ելույթը կլինի առաջին անգամ։