ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հունիսի 20-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաանկանխատեսելին էին։ Այսօր կառավարության նիստում նման գնահատական հնչեցրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Շատ կարևոր է, որ մենք արձանագրեցինք մեր քաղաքական կամքը և մեր քաղաքական արժեհամակարգը, ինչպես մեր ընտրողներին խոստացել էինք, ընտրությունների արդյունքների և ընտրողների ազատ կամքի անառարկելի արտահայտությունը մեզ համար անկյունաքարային արժեք է»,– ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ կան հարուցված քրեական գործեր` ընտրակաշառքների, ընտրողների կամքի վրա ազդեցություն գործելու փաստերով, ու համոզմունք հայտնեց, որ դրանք պատշաճ իրավական գնահատականի կարժանանան։
«Ուզում եմ հավատալ, որ ՀՀ–ում ընտրությունների արդյունքների կեղծման էջն իսկապես անշրջելիորեն փակված է»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություն անցկացվեց։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։
Հունիսի 21-ին ԿԸՀ–ն ամփոփեց բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։
«Հայաստան» դաշինքը դատի է տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին