ՌԴ–ում կքննարկվի ռուսական ռազմակայանի հարցը. Փաշինյանը պատվիրակություն է ուղարկում

Փաշինյանի որոշմամբ` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարին հրահանգվել է գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնել ՌԴ գործուղման արդյունքների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել Ռուսաստանի Դաշնություն պատվիրակություն գործուղելու մասին:

Պատվիրակությունը կմեկնի հունիսի 26-ին ու կվերադառնա հուլիսի 1-ին։

Որոշման մեջ նշված է, որ  գործուղման նպատակը հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելն է, որի ընթացքում քննարկվելու է ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հարցը։

Ավինյանն ասաց՝ որ դեպքում ռուս սահմանապահները կտեղակայվեն Գեղարքունիքում

Պատվիրակությունը գլխավորում է ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Արմեն Ավետիսյանը։ ՌԴ են մեկնում նաև ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետ Սերգեյ Աբրահամյանը, նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետի տեղակալ Գեղամ Սարգսյանը, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության զորանոցաբնակելի ֆոնդերի կառավարման ծառայության պետ Արսեն Պապյանը և այլոք։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից պատվիրակության կազմում ներառված է Եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի պետ Աստղիկ Բալդրյանը։

«Դեռ սպասել է պետք». Կոպիրկինը` Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայման հարցի մասին

Պատվիրակության կազմում են նաև ՀՀ կադաստրի կոմիտեի գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանը, կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Գևորգ Մանուկյանը և այլոք։

Վարչապետի որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարին հրահանգվել է  գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնել  ՌԴ գործուղման արդյունքների մասին։