Ծառուկյանի նկարը և թեքահարթակի անհետանալը. Կինոյի տան մուտքը մի քանի օրում ձևափոխել են

Կինոյի տան գլխավոր մուտքը մի քանի օրում ապօրինի կերպով փոփոխության է ենթարկվել։ Նախ քանդել են հսկայական թեքահարթակը, դրա փոխարեն աստիճաններ կառուցել, հետո արագ տեղադրել Գագիկ Ծառուկյանի լուսանկարը դրա վերևում, ապա նորմերին չհամապատասխանող թեքահարթակ կառուցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Մինչ շատերը զբաղված էին նախընտրական քարոզարշավի թոհուբոհով` որոշ մարդիկ առիթից օգտվել և Կինոյի տան գլխավոր մուտքում «իրենց սրտով» ձևափոխություններ են արել։

Ծառուկյանի նկարը և թեքահարթակի անհետանալը. Կինոյի տան մուտքը մի քանի օրում ձևափոխել են

Կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց` Խանջյան և Արամի փողոցների անկյունում գտնվող սրճարանի տերերը հունիսի 12-ին սկսել են քանդել Կինոյի տան աստիճաններին կից թեքահարթակը: Ի դեպ, թեքահարթակն ուներ ավելի քան 7,5 մետր երկարություն և 1,2 մետր լայնություն։

«Թեքահարթակը քանդելուն հաջորդեց դեպի սրճարան տանող նոր աստիճաններ կառուցելը։ Այսինքն` շատ արագ ինչպես մեր թեքահարթակը քանդեցին, այնպես էլ Խանջյանի կողմից դեպի իրենց սրճարան աստիճաններ կառուցեցին։ Դրանից հետո մենք դիմեցինք պատկան մարմիններին»,–պատմեց Մանուկյանը` հավելելով, որ այդ տարածքում պատ էր` դեպի սրճարան մուտք չկար։

Խանջյան և Արամի փողոցների անկյունում գտնվող սրճարանը 2 մուտք ունի Արամի փողոցից, սակայն դեպի Խանջյան մուտք ունենալը բոլորովին այլ նշանակություն ունի սրճարանի համար։ Մանուկյանն ասաց, որ մինչև այս երկու հոգի այցելել են իրենց և առաջարկել Խանջյանի հատվածում` Կինոյի տան բակում, սրճարան կառուցել։ Միության նախագահությունը մերժել է այդ գաղափարը, քանի որ նպատակ ունեին բակը աստղային հրապարակի վերածել` բացելով Սոս Սարգսյանի, Խորեն Աբրահամյանի և Մհեր Մկրտչյանի անվան աստղեր։

Ծառուկյանի նկարը և թեքահարթակի անհետանալը. Կինոյի տան մուտքը մի քանի օրում ձևափոխել են

Կինեմատոգրաֆիստների միությունից մերժում ստանալով, ըստ Մանուկյանի, որոշել են ապօրինի կերպով սրճարանի գաղափարը կյանքի կոչել։

Ծառուկյանի նկարը և թեքահարթակի անհետանալը. Կինոյի տան մուտքը մի քանի օրում ձևափոխել են

Մանուկյանը պատմեց նաև, որ երբ բողոքել են ոստիկանություն, Երևանի քաղաքապետարան, Կենտրոնի թաղապետարան, հաջորդ օրը սրճարանի վերևում հայտնվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քարոզչական պաստառը։

Ծառուկյանի նկարը և թեքահարթակի անհետանալը. Կինոյի տան մուտքը մի քանի օրում ձևափոխել են

«Մեր աղմուկ բարձրացնելուց հետո սրճարանի տերերը բերեցին ու Գագիկ Ծառուկյանի պաստառը տեղադրեցին` հավանաբար մեզ հուշելու համար, թե ում հետ գործ ունենք։ Դրանից հետո երկրորդ քայլն արեցին` առանց մեզ հարցնելու որոշեցին, որ պետք է նոր թեքահարթակ կառուցեն` մեր գլխավոր մուտքի աստիճանների վրա։ Այդ թեքահարթակի միջոցով բարձրանալ և իջնել հնարավոր չէ»,–ասաց Մանուկյանը` հավելելով, որ ավելի շուտ «ընկնելու» թեքահարթակ է կառուցվել` ոչ մի նորմերին չհամապատասխանող։

«Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու». Փաշինյան

Նա հայտնեց նաև, որ արդեն 4 անգամ Կադաստրի պետական կոմիտե հարցում են ուղարկել` ճշտելու` աստիճանների հատվածը շենքին` իրե՞նց է պատկանում, թե՞ Երևանի քաղաքապետարանին։ Սակայն 4 անգամն էլ կադաստրից նույն փաստաթուղթն են տրամադրել` շենքի ներսի մասին տեղեկություն տալով։ Մանուկյանն այսօր արդեն 5-րդ դիմումն է պատրաստվում ուղարկել կադաստր` ասելով, որ արդեն կասկածներ ունեն, որ կադաստրը ու սրճարանի տերերն իրար հետ ինչ-որ կապեր ունեն։

Ծառուկյանի նկարը և թեքահարթակի անհետանալը. Կինոյի տան մուտքը մի քանի օրում ձևափոխել են

Նրա խոսքով` Կենտրոն վարչական շրջանն արդեն սրճարանին տուգանելու արձանագրություն է կազմել, իսկ ոստիկանությունն էլ իրենցից ցուցմունքներ է վերցրել. առաջիկայում գույքի բռնազավթման հատկանիշներով պետք է քրգործ հարուցվի։ Ընդհանուր հաշվարկով` 3-4 մլն դրամի վնաս է կրել Կինոյի տունը։

Երևանյան կրիմինալը. ապամոնտաժվել են ապօրինի կրպակներ, Աջափնյակի ղեկավարը հրաժարական է տվել

Մանուկյանը չի բացառում, որ օրեր անց տեղում արդեն կարող է մի քանի սեղան հայտնվել ու սրճարան սկսի գործել։ Ի դեպ, այժմ այդ տարածքում շինարարություն է ընթանում. տեղում աշխատողներ կային, սակայն վստահեցրին, որ չգիտեն, թե ովքեր են սեփականատերերը և ինչ է լինելու տարածքում. իրենք իրենց իրենց գործն են անում։ 

Ոստիկանության լրատվության բաժնից հայտնեցին` օպերատիվ արձագանքել են Կինեմատոգրաֆիստների միության ահազանգին, սակայն խնդիրը Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո է։ Ոստիկանները տեղում հասարակական կարգ են ապահովել` թույլ չեն տվել ապօրինությունը շարունակվի և քաղաքապետարանից պատասխանատու անձ են կանչել։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ իր հերթին հայտնեց` քաղաքապետարանը տեղյակ է խնդրի մասին և արդեն իսկ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը վարչական իրավախախտումն արձանագրել է։

«Մեր վերոհիշյալ վարչության պետի տեղակալն արդեն իսկ հանդիպել է միության ղեկավարների հետ և հայտնել քաղաքապետարանի դիրքորոշումը, այն է` պարտավորեցնել սրճարանի սեփականատերերին վերացնել իրավախախտման հետևանքները»,–ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` այժմ վարչական գործընթաց է գնում, և տեղյակ են նաև, որ իրավապահները քրեական վարույթ են հարուցել գույքի վնասի կամ ոչնչացման առնչությամբ։ Երևանի քաղաքապետարանը նույնպես կադաստրի պետական կոմիտեից փորձում է ճշտել` Կինոյի տան մուտքի աստիճանների հատվածը փաստաթղթերով ում է պատկանում։

Ի դեպ, Կինոյի տունը 515 տեղանոց դահլիճ ունի, որտեղ պարբերաբար անվճար կինոդիտումներ են կազմակերպվում ինչպես աշակերտների, այնպես էլ ուսանողների համար։ Նշենք նաև, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի լուսանկարն արդեն իսկ հանվել է տարածքից։

Կրիմինալ խմբավորումներ են գործում. քաղաքապետը՝ Երևանում ապօրինի շինարարության մասին