Արմեն Սարգսյանն ընդունել է Վահան Քերոբյանին ու FAST–ի տնօրենին. ի՞նչ են քննարկել

Նախարարի պաշտոնակատարը և FAST հիմնադրամի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանին են ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ծրագրերն ու աշխատանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանն անդրադարձ է եղել մեր երկրում գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման ներուժին ու հեռանկարներին: Նախարարի պաշտոնակատարը և FAST հիմնադրամի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանին են ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ծրագրերն ու աշխատանքները»,– նշված է հաղորդագրության մեջ:

Քննարկվել են նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն ու ուղղությունները: Կարևորվել է ATOM-ի հետ գործակցող միջազգային առաջատար տեխնոլոգիական ու գիտակրթական կազմակերպությունների և տեղական ընկերությունների միջև փոխգործակցության զարգացումը: