ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի հետ այս գիշեր այցելել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն` «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին տեսակցելու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջը։
Ինչպես արդեն հայտնել էինք հունիսի 23–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` պրոֆեսոր Արմեն Չարչյանը մեկ ամսով կալանավորվելու որոշում կայացրեց։
Մինչ դատարանի որոշում կայացնելը, Արմեն Չարչյանի առողջական վիճակը վատացել էր, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։ Նշենք, որ վերջերս Արմեն Չարչյանը սրտի ստենտավորում է անցել։
Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։
Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։
Հունիսի 20-ի գիշերը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շահվերդյանը բավարարեց պաշտպանների բողոքը, ու Արմեն Չարչյանն առավոտյան դուրս եկավ «Շենգավիթ» ԲԿ-ից, ուր տեղափոխվել էր գիշերը՝ առողջական խնդիրների պատճառով։
«Այո, ես վիրահատել եմ ՀՔԾ պետի հայրիկին». Արմեն Չարչյանը մանրամասներ հայտնեց
Չարչյանն երեկ` հունիսի 23–ին, նույնպես չէր ներկայացել դատարան. պաշտպանը հայտնել էր, որ նա առողջական խնդիրների պատճառով հիվանդանոցում է։