ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Սա խաղաղության համաձայնագիր չէ, հրադադարի մասին հայտարարություն է, որում կա երրորդ կողմ ՝ Ռուսաստանը, որն այդ հրադադարի երաշխավորն է: El Pais իսպանական պարբերականին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսպես է պատասխանել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարո՞ղ է վերսկսվել հարցին։
«Ռուսաստանի դերն այստեղ շատ կարևոր է: Ռուս խաղաղապահներն այնտեղ (Լեռնային Ղարաբաղում) կլինեն առնվազն հինգ տարի։ Եթե Ռուսաստանն այնտեղ չլինի, ապա իրավիճակը բոլորովին այլ կլինի: Կա՞ մեկը, ով կարող է ինձ երաշխիք տալ, որ Ադրբեջանը` Թուրքիայի հետ միասին, չի համարձակվի մուտք գործել այդ տարած:»,–հավելել է նա:
ՀՀ նախագահը չի բացառել, որ միգուցե ետնաբեմում ներգրավված է Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, և որը Հայաստանի դեմ օգտագործում էր ՆԱՏՕ-ի զենքերը:
Անդրադառնալով ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին հարցին` Արմեն Սարգսյանը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի այս երկրորդ պատերազմի ընթացքում Եվրոպական միության ձայնը լսելի չհնչեց:
«Սակայն այստեղ խոսքը ավելի շատ մեր մասին է. մենք պետք է սովորենք ավելի ակտիվ լինել այն միության շրջանակում, որտեղ արդեն իսկ գտնվում ենք: Դա Եվրասիական տնտեսական միությունն է: Ապա պետք է կառուցենք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ, քանի որ մենք հատուկ հարաբերությունների և հատուկ համաձայնագրերի մաս ենք կազմում, և դա բավականին խոր կապ է: Բայց համաձայնագրերը համաձայնագրեր են: Եթե դրանք կյանքի չեն կոչվում, ապա ոչ մի արժեք չունեն»,–ասել է նախագահը:
Նա նշել է, որ առաջնահերթ մենք պետք է կայունացնենք իրավիճակը Հայաստանում և կենտրոնանանք բազմաթիվ ներքին խնդիրների լուծման վրա:
Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին խոսելիս` ՀՀ նախագահը հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ ունենք երկար, շատ սերտ, պատմական հարաբերություններ:
Ռուսաստանը վճռորոշ դեր է ունեցել Ղարաբաղյան հակամարտությունը կանգնեցնելու գործում. Պուտին
«Երկար տարիներ Ռուսաստանը մեր բարեկամն է, և մյուսները դա հասկանում են: Մենք Ռուսաստանի հետ ունեցել ենք խոր ու ամուր հարաբերություններ և կշարունակենք ունենալ, բայց դրանում ոչ մի հակասություն չկա, քանի որ Հայաստանը լավ և խոր հարաբերություններ ունի նաև ԵՄ-ի հետ»,–ասել է նա:
Ալիևը հայտարարում է, որ հային պետք է սպանել Ղարաբաղում. Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ–ում
Արմեն Սարգսյանը նշել է, որ մենք կարող ենք անել ավելին մեր հարաբերություններում՝ ոչ միայն Ռուսաստանի հետ: Մենք կարող ենք և պետք է անենք ավելին նաև Եվրոպայի հետ: Հատկապես Հայաստանի պարագայում, որը փոքր երկիր է, բայց համաշխարհային ազգ, միլիոնավոր հայրենակիցներ ունի Սփյուռքում, պետք է ավելի ակտիվ աշխատի:
Հենց այս խորհուրդն է ՀՀ նախագահը տվել հաջորդ կառավարությանը՝ լինել ավելի ակտիվ և լսել բարեկամներին՝ նրանց հետ ավելի արդյունավետ աշխատելու նպատակով: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի այս պատերազմի ժամանակ Հայաստանին ուղղված միջազգային աջակցությունը նվազել էր՝ համեմատած 1990-ականների սկզբին տեղի ունեցած ղարաբաղյան առաջին պատերազմի հետ, որտեղ հայկական բանակը հաղթանակ տարավ: