Քաղաքապետարանը հաստատեց` Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը վստահեցնում է, որ Մհրյանի հրաժարականը ապօրինի շինությունների ապամոնտաժման հետ կապ չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Երևանի քաղաքապետարանը հաստատում է, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մhրյանը հրաժարականի դիմում է գրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Փաշինյանն Արարատում 2 փոխմարզպետ է նշանակել

Ավելի վաղ Մhրյանի հրաժարականի մասին գրել էր «Ժողովուրդ» թերթը` նշելով, որ նա դիմումը ներկայացրել է ընտրություններից մեկ օր անց՝ հունիսի 21-ի ուշ գիշերը: Պարբերականի տվյալներով՝ Մհրյանի հեռանալու պատճառը ընտրությունների արդյունքները չեն, այլ դրանից երկու օր առաջ՝ ուրբաթ օրը, Աջափնյակի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպը ՔՊ-ականների հետ։ Թերթի տեղեկություններով` այդ օրը մի քանի ՔՊ-ականներ՝ նախկին նախարար Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, ներխուժել են թաղապետարան՝ անձամբ Մհրյանի աշխատասենյակ, և նրան ու տեղակալներին մեղադրել են չաշխատելու մեջ։

Հրաժարականի լուրերին զուգահեռ երեկ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Աջափնյակի մի շարք հասցեներում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել: Ավագանու երեկվա նիստում Երևանի քաղաքապետը հայտարարել էր, որ Աջափնյակում բանդա է գործում։

Մենք Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե մարզպետի հրաժարականը որքանով է կապված ապօրինի շինությունների թեմայի հետ։ Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ մեկը մյուսի հետ կապ չունի։

Հիշեցնենք` Հայկ Մհրյանն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2020 թվականի աշնանը: Մինչ այդ նա ՀՀ ոստիկանության պետի տեղակալն էր։