ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Խորհրդարանական կառավարման փորձը ցույց տվեց, որ երկիրը պետք է ղեկավարի նախագահը։ Այս մասին իսպանական El Pais–ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Վերջին ընտրություններին մասնակցել է 25 կուսակցություն և դաշինք, սակայն իրական կուսակցություններ գրեթե չկան. դրանք գոյություն ունեն միայն ընտրությունների շրջանում, այնուհետև անհետանում են։ Չկա գաղափարախոսություն, չկա համակարգ», – ասել է Սարգսյանը։
Հայաստանը Ռուսաստանի կայսրության, այնուհետև ԽՍՀՄ-ի մաս էր։ Հասարակության համար մինչ օրս ընդունելի է նախագահի իշխանությունը, քան անմիջական խորհրդարանական։ Նախագահը նշել է, որ եվրոպական կազմակերպությունները Հայաստանին առաջարկում են խորհրդարանական ժողովրդավարություն զարգացնել, բայց մարդկանց մեծ մասին այն հոգեհարազատ չէ։
Բացի այդ, 2015 թվականին բարեփոխված սահմանադրությամբ երկիրը դարձավ ոչ թե խորհրդարանական, այլ վարչապետական: Իսկ ճիշտ որոշում կայացնելու համար պետք է պատասխանատվություն կրել: Սարգսյանը հավելել է, որ գործող սահմանադրությամբ վարչապետն ունի բոլոր իրավունքները, սակայն հիմնականում որևէ մեկի առաջ հաշվետու չէ, նա հաշվետու է միայն խորհրդարանին, այսինքն՝ ինքն իրեն, քանի որ խորհրդարանական մեծամասնություն ունի։
Չինաստանի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանի ծննդյան օրը
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կուսակցությունը հայտարարել է, որ փոխելու է Սահմանադրությունը։ Սարգսյանը կարծում է, որ եթե նրանք անեն դա, խորհրդարանն էլ ավելի ուժեղ կդառնա։ Կարևոր է, որ այն ոչ թե վարչապետին ներկայացնի, այլ կոնկրետ քաղաքացիներին: