ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Լոռու մարզպետարանում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Ավելի վաղ «Հայաստան» դաշինքը հայտարարություն էր տարածել` ասելով, որ Տիտանյանին ծեծել են, քանի որ չի ցանկացել թողնել իր պաշտոնը։ Դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը դիմել է մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն իր մոտ է կանչել Օձուն համայնքի ղեկավարին և ապօրինաբար պահանջել հրաժարականի դիմում գրել:
Գևորգյանի խոսքով ՝ Օձունի ղեկավարը հրաժարվել է կատարել այդ պահանջը, որից հետո մարզպետարանի շենքում 7-8 հոգու ներկայութամբ նրան ծեծի են ենթարկել:
Արևիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով։
«Հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն»,–ասաց Խաչատրյանը։
Նշենք, որ դեռ ընտրությունների օրը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն ակնարկել էր տեղական ինքնակառավարման մարմիններում կադրային զտումների մասին։
Նրա խոսքով՝ բոլոր այն համայնքապետները, քաղաքապետները, որոնք առաջադրվել են ընդդիմադիր ցուցակներով, շուտով հրաժեշտ կտան իրենց պաշտոններին։
Համայնքապետներին սպառնում են, ծեծում․ «Հայաստան» դաշինքն ահազանգում է