ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Նիդեռլանդների խորհրդարանն այսօր հակաադրբեջանական մի բանաձև է ընդունել։ Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ խորհրդարանը կոչ է անում կառավարությանը Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը Նիդեռլանդների հավաքանի հաղթանակի դեպքում Բաքու կառավարական պատվիրակություն չուղարկել, եթե հաջորդ խաղն այնտեղ անցկացվի։
Խորհրդարանը կոչ է անում բոյկոտել կառավարական պատվիրակության այցը Բաքու` ի նշան Ադրբեջանի պահվածքի դեմ բողոքի։
«Արձանագրելով, որ Բաքուն խախտել է զինադադարի համաձայնությունը, բացի այդ, հաշվի առնելով այն, որ դեռևս 200-ից ավել հայ ռազմագերիներ են պահվում Բաքվում, որտեղ նաև բացվել է զոհված հայ զինվորների սաղավարտներով «ռազմական ավարի» պուրակ, չուղարկել Բաքու կառավարական պատվիրակություն այն պարագայում, եթե Նիդեռլանդների հավաքականը խաղ անցկացնի Բաքվում»,–ասում է բանաձևում։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Իտալիա-Թուրքիա խաղով մեկնարկել է ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը, որն անց է կացվում 10 քաղաքում:
Եվրո-2020-ը պետք է կայանար անցյալ ամռանը, սակայն կորոնավիրուսի պատճառով մրցաշարը տեղափոխեցին 2021–ին: Խաղերի մի մասը պետք է անցկացվի Բաքվում։
Բաքուն 15 գերիներին Երևանին է փոխանցել Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի ակտիվ մասնակցությամբ