Երևանյան կրիմինալը. ապամոնտաժվել են ապօրինի կրպակներ, Աջափնյակի ղեկավարը հրաժարական է տվել

Ոստիկանության աջակցությամբ ապամոնտաժել են համայնքի հողի վրա վերջին օրերին հիմնականում գիշերային ժամերին կառուցված ապօրինի կրպակները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ: Տեղեկությունը հայտնում է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Կրիմինալ խմբավորումներ են գործում. քաղաքապետը՝ Երևանում ապօրինի շինարարության մասին

Նշվում է, որ Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Մարգարյան և Հասրաթյան փողոցներում Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները, ՀՀ ոստիկանության ուժերի գործուն աջակցությամբ ապամոնտաժել են համայնքի հողի վրա վերջին օրերին՝ հիմնականում գիշերային ժամերին կառուցված ապօրինի կրպակները: Ինքնակամ կառուցված կրպակներ են քանդվել նաև Շենգավիթ վարչական շրջանում:

«Որոշ հասցեներում ինքնակամ կառույցների սեփականատերերը խոստացել են խիստ սեղմ ժամկետներում սեփական միջոցներով քանդել ապօրինի կառույցները»,–նշում է Կարապետյանը:

Հիշեցնենք`Երևանի ավագանու նիստում Հայկ Մարությանը, անդրադառնալով օրեցօր ավելացող ապօրինի կրպակներին ու շինություններին, հայտարարել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։

Քաղաքապետը նշել էր, որ նախորդ տարվա դեկտեմբերից մինչև այսօր Աջափնյակ վարչական շրջանում իրավախախտման վերաբերյալ կազմվել է 60 վարչական արձանագրություն, որից 45-ը համայնքային հողամասի վրա, 15-ը՝ սեփական հանդիսացող հողամասի։

Քանդում և ապամոնտաժում է իրականացվել թվով 34 հասցեներում։

Չսեփականաշնորհված շարժական կրպակները, առևտրի տաղավարներն ու ավտոտնակները կհեռացվեն

Նշենք, որ մամուլում լուրեր են տարածվել, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը։

Նա դիմումը ներկայացրել է ընտրություններից մեկ օր անց՝ հունիսի 21-ի ուշ գիշերը, որը, մեր տեղեկություններով, երեկ հաստատվել է։