Լոռու մարզպետը 7–8 մարդու ներկայությամբ ծեծել է Օձունի համայնքապետին

Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի` հրաժարական գրելու պահանջը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընտրություններից հետո իր մոտ է կանչել Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին և պահանջել հրաժարականի դիմում գրել։ Տեղեկությունը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին հայտնել է «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը։

ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրել է ընտրություններին վերաբերող 59 ահազանգ ու 570 հրապարակում

Ըստ Արմեն Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել:

««Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարը նշել է, որ իր համոզամբ` Օձունի համայնքապետին ներկայացված հրաժարականի պահանջն ակնհայտ անօրինական է և ուղեկցվել է մարզպետի սպառնալիքով: Ըստ Ա.Գևորգյանի` մարզպետարանի շենքում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելն ուղիղ կապված է խորհրդարանական արտահերթ ընտրություններում նրա կողմից իրենց դաշինքին սատարելու հետ»,–գրում է ՄԻՊ–ը:

Նա նշում է, որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բողոքից անմիջապես հետո արագ արձագանքմամբ կապվել է Օձուն համայնքի ղեկավարի հետ, որը նշել է, որ հանցագործության մասին հաղորդում է տալիս ոստիկանությունում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ի գիտություն է ընդունվել այս հարցով ՀՀ դատախազության պաշտոնական ներկայացուցուչի հայտարարությունը:

Համայնքապետներին սպառնում են, ծեծում․ «Հայաստան» դաշինքն ահազանգում է

Նշված բողոքի ու միջադեպի հետ կապված` մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից գրություն կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն:

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություն անցկացվեց։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն ամփոփեց բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Պայքարը շարունակելու ենք. «Հայաստան» դաշինքի ղեկավարը` մանդատները վերցնել–չվերցնելու մասին