Ատոմ Մարգարյանի խոսքով` աշխատաշուկայում իհարկե որոշակի ակտիվություն երևում է, սակայն կյանքը ցույց է տալիս, որ մեզանում տնտեսական գործընթացները, մակրոտնտեսական ցուցիչները, այդ թվում գործազրկության մակարդակը, շատ քիչ են կախված քաղաքական պրոցեսներից։ Ըստ նրա` աշխատաշուկային առնչվող թվերի կոնտեքստն այն է, որ ՀՀ–ում պոտենցիալ աշխատատեղերի ռեսուրսը մոտ մեկ միլիոն է, բայց կա զգալի թաքնված զբաղվածություն և թաքնված գործազրկություն։
«Այն հանգամանքը, որ ՀՀ աշխատուժի մոտ 20-25 տոկոսը տասնամյակներ շարունակ զբաղված է եղել դրսում, հատկապես ՌԴ–ում, բայց պանդեմիայի պատճառով զգալի արտահոսք չի եղել, նույնպես պայմանավորել է առկա իրավիճակը։ Այդուհանդերձ պոտենցիալ զբաղվածությունը կամ ՀՆԱ–ի պոտենցիալով հաշվարկված ռեզերվը շատ ավելի մեծ է։ Աշխատատեղերի ընդլայնումը տեղի է ունեցել հատկապես ծառայությունների ոլորտի ակտիվացմամբ, սակայն տնտեսության իրական հատվածում (արդյունաբերության ոլորտի աշխատատեղերը, հատկապես ՏՏ բնագավառի, որոնք երկրի ներսում ստեղծում են ՀՆԱ և աշխատում արտահանման վրա), այդտեղ շատ մեծ խնդիր կա»,– նշեց տնտեսագետը։
Մարգարյանի գնահատմամբ` եթե զբաղվածության պատկերը կառուցվածքային առումով դիտարկենք, ապա առաջանում է որոշ չափով պարադոքսալ իրավիճակ, այսինքն` տնտեսությունը գտնվել է ճգնաժամի պայմաններում, ինչն անխուսափելիորեն բերելու էր աշխատատեղերի կրճատման, հետևաբար մենք նման պատկեր չպետք է ունենայինք, առավել ևս, որ որակական լուրջ և մեծ կառուցվածքային փոփոխություններ, ըստ Մարգարյանի, մեր տնտեսության մեջ չեն եղել։
Քաղաքական ուժերի նախընտրական խոստումները, կամ ինչպես վերականգնել տնտեսությունը
Տնտեսագետի պնդմամբ` այն ակտիվությունն ու կայունությունը, որ կա մակրոտնտեսական թվերի համատեքստում, մեծ հաշվով պայմանավորված է պարտքի ավելացմամբ, ուստի աշխատատեղերի դրական դինամիկան կարող է պայմանավորված լինել պարտքային լծակը հնարավորինս ինտենսիվ աշխատացնելով, ինչն ակնառու երևում է, օրինակ, շինարարության մեջ, իսկ այն ոլորտները, որտեղ ավելացված արժեքի շատ մեծ մասնաբաժին ստեղծող արտադրություններ են և հատկապես արտահանման վրա խարսխված արտադրություններ, այդտեղ որակական փոփոխություններ չկան։
Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացմամբ` 2021 թվականի մայիսին աշխատանքի շուկան անկախ Հայաստանի պատմության մեջ ռեկորդ է խփել՝ 634 951 հարկման բազա ունեցող անձ կա։
Ի դեպ, ՊԵԿ–ն էլ իր հերթին հայտնել էր, որ 2021 թվականի մայիս ամսին, նախորդ տարիների նույն ամսվա համեմատ, աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)՝ կազմելով շուրջ 212 000 դրամ: 2020 թվականի մայիս ամսվա այս ցուցանիշը կազմել է 194 000 դրամ, 2019 թվականին` 187 000 դրամ, իսկ 2018 թվականին` 176 000 դրամ:
Ե՞րբ խելքի կգա ՀՀ տնտեսությունը. իրավիճակը դեռ անհանգստացնում է պոտենցիալ ներդրողներին