«Հայաստան» դաշինքն անելու է առավելագույնը՝ Չարչյանին ազատ արձակելու համար. հայտարարություն

«Հայաստան» դաշինքն իր ընտրական ցուցակի 20-րդ համար, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորումը գնահատում է որպես բացահայտ քաղաքական հետապնդում խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքն իր ընտրական ցուցակի 20-րդ համար, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորումը գնահատում է որպես բացահայտ քաղաքական հետապնդում, որը կիրառվում է ընտրություններից ամիջապես հետո ձեւավորված խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի դեմ։ Նման հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը` անդրադառնալով քիչ առաջ կայացված որոշմանը։

Սա ուղղորդում չէ, ռեպրեսիա չի լինելու․ հրապարակվել է Արմեն Չարչյանի ելույթի տեսագրությունը

Հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է ՀՔԾ միջնորդությունը «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ։ Չարչյանին 1 ամսով կալանավորելու որոշում է կայացվել։

«Իրենց այս և անցած օրերին գրանցված այլ քայլերով իշխանությունները շատ ուղիղ ցույց տվեցին, որ հավատարիմ են մնում երկիրը ապօրինություններով կառավարելու, իսկ իրականում՝ պետությունը քայքայելու գործելաոճին»,–նշված է հայտարարության մեջ։

«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է անվանի բժիշկ Արմեն Չարչյանի կալանավորումը եւ անելու է առավելագույնը՝ արդարությունը վերականգնելու համար։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Սա քաղաքական տեռոր է․ Արմեն Չարչյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին

Հունիսի 20-ի գիշերը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շահվերդյանը բավարարեց պաշտպանների բողոքը, ու Արմեն Չարչյանն առավոտյան դուրս եկավ «Շենգավիթ» ԲԿ-ից, ուր տեղափոխվել էր գիշերը՝ առողջական խնդիրների պատճառով։

Չարչյանն այսօր նույնպես չէր ներկայացել դատարան. պաշտպանը հայտնել էր, որ նա առողջական խնդիրների պատճառով հիվանդանոցում է։