Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակողը ձերբակալվել է

Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել երկու հոդվածով, ավելի ուշ հարուցվել էր ևս մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակողը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ըստ ՔԿ–ի հաղորդագրության` ձերբակալվածը Երևանի բնակիչ է, 44 տարեկան։

Կոմիտեն նրա անունը չի նշում, սակայն կառույցի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարդան Թադևոսյանը «Արմենպրեսին» հայտնել է, որ ձերբակալվածը Նիկոլայ Խ.–ն է։

Դիմակավորված, «կապյուշոնով». Արման Բաբաջանյանը տեսել է կրակոցի տեսագրությունը

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակոց արձակելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2021թ. հունիսի 20-ին` ժամը 02:00-ից 10:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակոց է արձակել Երևան քաղաքի Նորք-Մարաշ փողոցում կայանված, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանին պատկանող «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի ավտոմեքենայի վրա` պատճառելով գույքային վնաս:

Կրակելու պահին Բաբաջանյանը մեքենայում չի եղել. ոստիկանություն

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասերով:

Նկատի ունենալով, որ Արման Բաբաջանյանի նկատմամբ ոտնձգությունը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների օրը, ուստի անհայտ անձի կողմից քաղաքական գործչի՝ վերջինիս գործունեությունը դիտավորությամբ դադարեցնելու նպատակով իրականացված առերևույթ ոտնձգության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է ևս մեկ քրեական գործ:

2021թ. հունիսի 22-ին որոշում է կայացվել քրեական գործերը միացնելու և մեկ վարույթում շարունակելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: