«Առկա է թույլատրելի շեղում». ՀԷՑ-ը պատասխանել է «Վեոլիա Ջրի» արձագանքին

Արդեն երկու օր է, ինչ ՀԷՑ–ն ու «Վեոլիա Ջուրը» միմյանց ուղղված հայտարարություններով են հանդես գալիս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատասխանել է «Վեոլիա Ջրին», որն ավելի վաղ արձագանքել էր ՀԷՑ–ի հայտարարությանը։

ՀԷՑ-ը «Վեոլիա Ջուր» ընկերությանը հորդորում է առավել ճշգրիտ տեղեկություն տրամադրել

Նշենք, որ ամեն ինչ սկսվեց երեկ, երբ «Վեոլիա Ջուրը» հայտարարեց` ՀԷՑ-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով ընդհատումներ են առաջացել ջրամատակարարման համակարգի պոմպակայանների աշխատանքում, որով պայմանավորված նվազել է սպառողներին մատակարարվող ջրաքանակը: Դրան արձագանքել էր ՀԷՑ-ը` ասելով, թե ընկերության մի քանի ենթակայաններում լարման շեղումներ են առաջացել, որոնք ջրամատակարարման համակարգում խախտումներ առաջացնել չէին կարող։ Սրան ի պատասխան «Վեոլիա Ջուրն» էլ այսօր հայտարարել էր` ՀԷՑ–ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների հետ է կապված խնդիրը։

ՀԷՑ–ն այժմ տեղեկացնում է, որ էլեկտրաէներգիայի լարման դրական/բացասական շեղումները չպետք է գերազանցեն 10 %-ը: ՀԷՑ–ը նշում է, որ «Վեոլիա Ջուրը» հայտնել էր, թե լարումը 6000 վ.-ի փոխարեն 5484 վ. է եղել և 4 պոմպի փոխարեն աշխատել է 1-ը:

«Տվյալ դեպքում առկա է նորմատիվային, թույլատրելի շեղում, և երկրորդ, եթե մեկ պոմպը աշխատում է, ապա կարող են աշխատել նաև մնացած 3-ը: Լարման շեղման արդյունքում պոմպերը կա'մ միանում են, կա'մ՝ ոչ, և պոմպերի քանակն այստեղ նշանակություն չունի»,–ասված է ՀԷՑ–ի հաղորդագրության մեջ։

«Վեոլիա Ջուր» ընկերության տեղամասերից մեկից գողացել են ջրի պոմպը․ տեսանյութ

ՀԷՑ–ը վստահեցնում է, որ էլեկտրաէներգիա մատակարարելվ երկրում գործող բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկությունների, ոռոգման, ջրամատակարարման այլ ընկերությունների, այս օրերին լարման շեղման վերաբերյալ որեւէ բողոք չի ստացել: Ավելին, ՀԷՑ–ի աշխատակիցները հնարավորություն են ունեցել չափելու լարումը, և համոզվել են, որ շեղում չկա: