Արցախում 500 000 դրամ կտրամադրվի այն վիրավորներին, որոնք աջակցություն չեն ստացել ՀՀ–ում

Դրամական օգնություն ստանալու համար շահառուները հուլիսի 5-ից կարող են դիմել Արցախի առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտացված հանձնաժողովին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik.Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին ստորագրել է կառավարության որոշում, համաձայն որի՝ պատերազմի ժամանակ վիրավորած, ամբուլատոր պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած, Արցախում հաշվառված անձանց, որոնք կառավարության կողմից սահմանված աջակցության ծրագրից չեն օգտվել, ԱՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կտրամադրվի միանվագ դրամական օգնություն: Տեղեկությունը հայտնում է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը` հավելելով, որ միանվագ օգնությանը չափը 500 000 դրամ է։

Գերությունից վերադարձած Էրիկն ու զոհված Ալբերտը եղբայրներ են. լռել են, որ տղային չվնասեն

«Ամբուլատոր պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած անձանց են հավասարեցվում նաև պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորում (վնասվածք) ստացած այն անձինք, ոորոնք տարաբնույթ պատճառներով չեն դիմել բժշկական օգնություն ստանալու համար, կամ դիմել և տարաբնույթ պատճառներով չեն ստացել այն»,– Facebook–ի իր էջում գրել է Բեգլարյանը։

Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ 

Դրամական օգնություն ստանալու համար շահառուները հուլիսի 5-ից կարող են դիմել ԱՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտացված հանձնաժողովին կամ զանգահարել գերատեսչության թեժ գիծ՝ 30-03 կարճ համարին:

Շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերը և ապացույցները 15 օրվա ընթացքում ուսումնասիրվելու և քննարկվելու են, որից հետո կկազմվի եզրակացություն՝ դրամական օգնություն նշանակելու կամ դրամական օգնության նշանակումը մերժելու մասին:

«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը