Ալիևը հայտարարում է, որ հային պետք է սպանել Ղարաբաղում. Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ–ում

Ադրբեջանի մեդիան ամեն օր ողողված է հայ ռազմագերիներին խոշտանգող և նվաստացնող տեսանյութերով և այդ ամենը ողջունող հանրային կարծիքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ԵԽԽՎ-ի նիստում այսօր` հունիսի 23–ին, քննարկվել է մեդիա ազատության և քաղաքացու ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի հարցը։ Այս համատեքստում ՀՀ ԱԺ պատգամավոր, հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականությանն ու դրա հետևանքով այդ երկրում մեծացած մարդասպան սերնդի խնդրին։

«Ադրբեջանի ղեկավարը խոսում է արցախյան վերջին պատերազմում իրենց հաղթանակի պատճառների մասին ու նշում, որ իրենք հաղթել են, որովհետև կարողացել են կրթել հայի հանդեպ ատելությամբ ու թշնամանքով մեծացած սերունդ, նա ճիշտ է, և այդ գործում իրենց անուրանալի ավանդն են ունեցել ադրբեջանական մեդիաները, որոնք քարոզել և շարունակում են քարոզել հայատյացություն, բռնություն, ատելություն ու կեղծիք»,– ասել է Զոհրաբյանը։

Բերելով կոնկրետ օրինակներ` պատգամավորը նշել է, որ Ալիևը հայտարարում է, որ հային պետք է սպանել Ղարաբաղում և ադրբեջանական ողջ լրատվադաշտը դա տարածում է, երբ 13-ամյա ադրբեջանուհին հայտարարում է, որ ինքը ուզում է դառնալ դիպուկահար, որ հային սպանի, դա դառնում է այդ երկրի մեդիայի թոփ թեման։ Այս քարոզչության արդյունքն, ըստ Զոհրաբյանի, 44-օրյա արյունալի պատերազմի զարհուրելի պատկերն էր։

Արգելանք դրեք Ալիևի ընտանիքի հաշիվների վրա․ Նաիրա Զոհրաբյան` ԵԽԽՎ գործընկերներին

«Այս օրերին Ադրբեջանում ընթանում է հայ զինվորների դատավարությունը, որոնց Ադրբեջանը ներկայացնում է որպես ահաբեկիչներ և դիվերսանտներ, ու ադրբեջանական ողջ մեդիան լցված է այդ անբարո դատական նիստերի կեղծիքն ու ապատեղեկատվություն տարածելով, ու հիմա մենք ի՞նչ ճշգրիտ տեղեկատվության ու հասարակությանը fake news-ից պաշտպանելու մասին ենք խոսում»,– եվրոպացի խորհրդարանականներին հարց է ուղղել Զոհրաբյանը` հավելելով, որ Ադրբեջանի մեդիան ամեն օր ողողված է հայ ռազմագերիներին խոշտանգող և նվաստացնող տեսանյութերով և այդ ամենը ողջունող հանրային կարծիքով։

Զոհրաբյանը կոչ է արել շատ ավելի խիստ օրենսդրական կարգավորումներ սահմանել ԵԽ անդամ երկրներում fake news-երով ատելության և թշնամանքի տոտալ քարոզի համար՝ ատելությունն ու ազգամիջյան թշնամանքի հրահրումը համարելով Եվրոպայի լրջագույն մարտահրավերներից մեկը։

Գերի ընկած կանայք տանջամահ են արվել ադրբեջանական բանտերում. Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ-ում