Քաղաքական կայունությունը կարևոր է․ Լիտվայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Լիտվայի նախագահը կարևորել է քաղաքական ուժերի միջև և հասարակության ներսում տարաձայնությունների հաղթահարման անհրաժեշտությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Լիտվայի նախագահը հաջողություն, հաստատակամություն և նվիրվածություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին պատասխանատու գործունեության մեջ։

«Պատերազմից հետո քաղաքական կայունությունն առանձնակի կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար: Մենք սատարում ենք Հայաստանի ժողովրդի՝ խաղաղ, ապահով և կայուն երկրում ապրելու ձգտմանը», - նշված է Լիտվայի նախագահի շնորհավորական ուղերձում։

Գիտանաս Նաուսեդան ընդգծել է Հայաստանի ազգային անվտանգության և ինքնիշխանության պահպանման կարևորությունը, շեշտել քաղաքական ուժերի միջև, հասարակության ներսում տարաձայնությունների հաղթահարման անհրաժեշտությունը՝ ի շահ պետության:

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Լիտվայի նախագահը կարևորել է բարեփոխումների իրականացումը և այդ համատեքստում Հայաստան-Եվրամիություն արդյունավետ համագործակցությունը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը: Նախագահի խոսքով՝ աշնանը կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ հետամուտ է լինելու «Արևելյան գործընկերության» քաղաքականության հավակնոտ քաղաքական օրակարգին:

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություն անցկացվեց։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն ամփոփեց բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։