ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ Պատգամավորի թեկնածուն կալանավորվել է ընտրակաշառք տալու և խոստանալու մեղադրանքով։ Հատուկ քննչական ծառայության լրատվության բաժինը տեղեկացնում է, որ դատարանն այսօր բավարարել է քննիչի միջնորդությունը՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
«2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում մի խումբ անձանց կողմից ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով կաշառք բաժանելու դեպքերով հիմնավորվել է, որ կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Գ.Ս.-ն, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, երկու և ավելի անձանց առաջարկել և տվել է 20.000-ից 30.000 ՀՀ դրամ գումարի չափով կաշառք` կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Այսպիսով` Գ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ընտրակաշառք տալը):
ՀՔԾ-ն Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ` բոլոր հանգամանքները և ընտրակաշառք բաժանելու հանցավոր սխեմայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:
Դաշինքի թեկնածուն կձերբակալվի․ նա Վայոց Ձորում կաշառք է բաժանել քաղաքացիներին
Նշենք, որ օրեր առաջ հունիսի 19-ին «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը Facebook–ի իր էջում գրել է, որ ձերբակալվել է իրենց դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանը։