«Ովքեր մեզ ձայն են տվել, չեն սխալվել»․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ-ն խոստանում է շարունակել լուրջ դերակատարում ունենալ քաղաքական գործընթացներում, մասնակցել ճգնաժամի հաղթահարմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար Ազգային ժողովն ու պատգամավորական մանդատները եղել են ի նպաստ երկրի աշխատելու հնարավորություններից միայն մեկը։ Կուսակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ընդգծել՝ իր քաղաքական թիմը պետք է շարունակի աշխատել ու լինել ժողովրդի կողքին։

Ո՞ր ուժերն են մերժել Նիկոլ Փաշինյանին

«Արտահերթ ընտրություններից հետո ԲՀԿ-ն ներգրավված չի լինելու խորհրդարանում, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է զբաղվենք քաղաքականությամբ։ Գրասենյակները լիարժեք բաց են լինելու, դուք աշխատելու եք ժողովրդի հետ, կարևորը մանդատները չեն»,- ասել է Ծառուկյանը։

Նա անդրադարձել է նաև քարոզարշավի ընթացքին, ընդգծել, որ այս ընտրությունների հիմքում ատելության ու վախի մթնոլորտն էր, մինչդեռ իրենք այդ ճանապարհով չեն գնացել։ Քարոզարշավի ընթացքում ԲՀԿ-ն խոսել է երկրի անվտանգությանը, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակին, արտագաղթին վերաբերող խնդիրների մասին, լուծման ուղիներ առաջարկել։

«Ինչ ասել ենք, իրական է․ ասողին լսող է պետք։ Շարունակելու ենք մեր աշխատանքը: Ովքեր մեզ ձայն են տվել, չեն սխալվել, կյանքը սրանով չի ավարտվում»,- հայտարարել է ԲՀԿ առաջնորդը։

Նա խոստացել է, որ «Բարգավաճ Հայաստանը» շարունակելու է լուրջ դերակատարում ունենալ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում, անելու է նաև ամեն բան, որ հնարավոր լինի օր առաջ հաղթահարել մեր երկրում հետպատերազմական ճգնաժամը։

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություն անցկացվեց։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն ամփոփեց բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

«Հայաստան» դաշինքը դատի է տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին