Երբ կգումարի նորընտիր խորհրդարանն 1–ին նիստը, և ով է այն վարելու մինչև նախագահի նշանակումը

Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ ընտրությունների վերջնական արդյունքները պետք է հրապարակվեն առաջիկա կիրակի օրը։ Իսկ ընտրությունների արդյունքների բողոքարկումը ԱԺ նիստի անցկացմանը չի խանգարի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորված նոր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա հուլիսի 5–ին։ Օրը վերջնական է, քանի որ դա ՀՀ Սահմանադրության պահանջն է։ Այս անգամ այդ օրը համընկնում է ՀՀ Սահմանադրության օրվա հետ։

Խաղի կանոնները փոխվում են. ինչ քայլերի կարող է դիմել խորհրդարանական ընդդիմությունը

Սահմանադրության 90–րդ հոդվածի 5–րդ կետով նախատեսված է, որ «նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին»:

Իսկ թե երբ է բացվելու այդ նստաշրջանը, հստակեցնում է արդեն ՀՀ Ընտրական օրենսգիրքը։

ԸՕ 75–րդ հոդվածը նախատեսում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների արդյունքների վերաբերյալ պետք է որոշում ընդունի քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը։

Դե, իսկ քանի որ քվեարկությունը տեղի է ունեցել անցած կիրակի օրը` հունիսի 20-ին, դրան հաջորդող 7-րդ օրը կլինի արդեն առաջիկա կիրակին` հունիսի 27–ը։

«Քաղաքագետները չարաչար սխալվում են». ԲՀԿ–ն գնահատական կտա ընտրությունների վերաբերյալ

Ի դեպ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքն էլ սահմանում է նիստի ժամը`10:00-ին։

Համոզվելու համար, որ օրենքի ժամկետների վերաբերյալ մեր մեկնաբանությունը ճիշտ է, դիմեցինք ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին, որը հաստատեց, որ ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփող որոշումը կընդունվի հունիսի 27-ին նախանշված նիստում։

Խորհրդարանն իմը չէ, վերադառնում եմ թատրոն. ի՞նչ են անելու ՔՊ–ի ցուցակից դուրս մնացածները

Դե, իսկ քանի որ հունիսի 27-ին հաջորդող երկրորդ երկուշաբթի օրը հուլիսի 5-ն է, ապա ԱԺ ութերորդ նստաշրջանի անդրանիկ նիստը կկայանա հենց այդ օրը։

Ի դեպ, նույն օրը կդադարեցվեն նաև առայժմ գործող խորհրդարանի պատգամավորների լիազորությունները։

Նշենք նաև, որ ԿԸՀ–ն իր վերջնական որոշումն ընդունելիս պետք է հիմք ընդունի ոչ միայն քվեարկության արդյունքների արձանագրությունները, այլև դատարանների կայացրած վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմում–բողոքների քննարկման արդյունքում ընդունած որոշումները, տեղամասերում քվեարկության օրն արձանագրված խախտումներն ու դրանց վերաբերյալ կայացված որոշումները։

Ինչ վերաբերում է ընտրության արդյունքների բողոքարկմանը կամ Սահմանադրական դատարան դիմելուն (ինչի մասին արդեն հայտարարել է «Հայաստան» դաշինքը), դրանք վերը նշված ժամկետների վրա որևէ ազդեցություն չեն ունենա։

«Դա կարող է լինել միայն մեր որոշումից հետո»,–ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը` պարզաբանելով, որ դատական ատյանում` այդ թվում ՍԴ–ում, կարող է բողոքարկվել հանձնաժողովի միայն վերջնական որոշումը։

Նշենք, որ հունիսի 21-ին ԿԸՀ–ի հրապարակած նախնական տվյալներով` նորընտրիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 72 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 27, «Պատիվ ունեմ»-ը՝ 7։

Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի մեկնած ձեռքը չի նկատել

Ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը մինչ ԱԺ նախագահի ընտրությունը կվարի տարիքով ամենաավագ պատգամավորը` ինչպես նախատեսում է ԱԺ կանոնակարգ օրենքը։ Ինչպես 2017–ին ընտրված վերցերորդ, այնպես էլ 2018թ–ին ընտրված յոթերորդ գումարման խորհրդարանների առաջին նիստերը վարել է Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը։ Այս անգամ նույնպես, ամենայն հավանականությամբ, այդ պարտականությունը կկատարի արդեն 75-ամյա Հասանովը, քանի որ նա ներկայացված է ՔՊ–ի ազգային փոքրամասնությունների ընտրական ցուցակում։ Հակառակ դեպքում նիստը կվարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, 70-ամյա անկուսակցական Վիգեն Խաչատրյանը։

Նշենք նաև, որ ԱԺ նախագահի պաշտոնը կհասնի ՔՊ–ին, նրա երեք տեղակալներից երկուսը ևս կլինեն նույն խմբակցության անդամներ, իսկ մեկը կլինի «Հայաստան» դաշինքից։

ԱԺ 11 մշտական հանձնաժողովների նախագահներից առնվազն 3-4–ը ևս կլինեն ընդդիմության ներկայացուցիչներ։

Սա հեղափոխության վերջին փամփուշտն էր. Քոչարյանը մեկնաբանեց իրենց պարտության պատճառը

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում ՔՊ–ն, նախնական տվյալներով, ստացել է 53.92%, «Հայաստան» դաշինքը` 21.04%, «Պատիվ ունեմ» դաշինքը` 5.23%։

Վերջինը թեև չի հաղթահարել անցողիկ նվազագույն քվեների շեմը (դաշինքների դեպքում այդ շեմը 7%–ն է), բայց խորհրդարան կգնա որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ, ինչպես նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ։