ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ Փաշինյանն ափսոսանք է հայտնել, որ «Լուսավոր Հայաստանը» չի հաղթահարել Ազգային ժողով մուտք գործելու ընտրական շեմը։ Նա ընդգծել է, որ ԼՀԿ-ն իր տեղն ունի և իր դերակատարումն է ունեցել վերջին տարիների քաղաքական կյանքում:
Էդմոն Մարուքյանն իր խոսքում նախ անդրադարձել է քարոզարշավին՝ նշելով, որ իրենց կուսակցությունն այն անցկացրել է համերաշխությունը, ներքին հաշտությունը վերականգնելու և երկրի ներսում միասնականությունը վերականգնելու կարգախոսներով:
«Մենք գտնում ենք, որ մեր օրակարգը պարտվել է այս ընտրություններում: Չնայած դա ոչինչ չի նշանակում, և կուսակցությունը շարունակելու է դերակատարում ունենալ և ներկայացնել այն մոտեցումները, որ մենք պաշտպանում ենք և պաշտպանել այն արժեքները, որոնք կուսակցության հիմքերում են: Ես հույս ունեմ, որ նոր ձևավորված խորհրդարանը և խորհրդարանական ընտրությունների անցկացումն ամբողջությամբ կարող են հիմք հանդիսանալ երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար»,- նշել է Մարուքյանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:
Մայր աթոռը ողջունում է Նիկոլ Փաշինյանի երկխոսության առաջարկը
Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սկսել է արտախորհրդարանական ուժերի հետ քաղաքական խորհրդակցությունների շարքը։ Այս շրջանակներում նա հանդիպումներ է ունեցել «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանի, Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի ղեկավարներ Լևոն Շիրինյանի և Արման Բաբաջանյանի, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի, «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Սամվել Բաբայանի հետ:
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արթուր Վանեցյանի հետ
Ինչպես նախապես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, այս խորհրդակցությունների նպատակն է ազգային և հանրային համերաշխության վերականգնումը։