Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք. ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ

ԳՇ պետի խոսքով՝ բանակցային այս գործընթացի նպատակը Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի հետ քաշումն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Գեղարքունիքի ու Սյունիքի սահմաններին` Սոթքից մինիչև Խոզնավար, ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։

Գերի ընկած կանայք տանջամահ են արվել ադրբեջանական բանտերում. Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ-ում

«Երբ որ լինի վերջնական որոշում՝ անպայման տեղյակ կպահենք։ Վերջնական որոշումը միայն մեր ցանկությունը չէ, դրան մասնակցում են նաև այլ կողմեր։ Բանակցություններն ընթանում են»,– ասաց նա։

Լրագրողների հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմի հետ էլ են բանակցություններ վարվում, քանի որ համաձայնության դեպքում նախատեսվում է նաև նրանց զինված ուժերի հետքաշում Հայաստանի տարածքից, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք, բանակցություններն ընթանում են ռուսական կողմի հետ»։

ԳՇ պետի խոսքով՝ բանակցային այս գործընթացի նպատակը Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի հետ քաշումն է։
Նա նաև շեշտեց, որ ներկա պահին քննարկվում է ՀՀ սահմանին միայն ռուս սահմանապահ ուժերի ու սահմանապահ զորքերի տեղակայման հարցը, այլ երկրների խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել ու չի քննարկվում։

Արտակ Դավթյանը նաև հայտարարեց, որ Հայաստանի տարածքից ոչ մի զիջում այդ ընթացքում չի լինելու։ Նրա հայտնած տեղեկություններով ՀՀ սահմաններին ներկա ադրբեջանցիների թիվը մնում է անփոփոխ։

Իրանը կարող է զսպել Սյունիքում ադրբեջանա-թուրքական ակտիվության ճիգերը. Միսակյան

«Միջադեպերը, որ նախկինում կային, այս պահին այդ ծավալով չկան։ Դա առաջին հերթին պայմանավորված է ակտիվ ընթացող բանակցային գործընթացով։ Ուղղակի բանակցային գործընթացին չվնասելու համար դրա առանձին փուլերի արդյունքների մասին չի հայտարարվում։ Վերջնական արդյունքները երբ տեսանելի կլինի, մենք կհայտարարենք»,– ասաց նա։

Ի դեպ, նախօրեին Sputnik Արմենիայի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Սոթք–Խոզնավար հատվածում մոտ օրերս կտեղակայվեն ռուս զինվորականներ։

Սանոսյանը հստակեցրել է, որ ինքը անձամբ չկա բանակցողների մեջ, սակայն տեղյակ է գործընթացից։

Նշենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

«Ադրբեջանը չի քննարկում հայ ռազմագերիներին հանձնելու հարցը». Զոհրաբյանը Ստրասբուրգում է

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցություններն արդյունք չտան։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից սպանվել է զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: