Մայր աթոռը ողջունում է Նիկոլ Փաշինյանի երկխոսության առաջարկը

Մայր աթոռը հայտարարություն է տարածել` ասելով, որ եկեղեցու համար չափազանց կարևոր է, որ երկրի ղեկավարումը ստանձնող քաղաքական ուժը կարող լինի ապահովելու երկրի անվտանգությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից հոգևոր առաջնորդներին ուղղված երկխոսության առաջարկը։ Նման հայտարարություն է տարածել Մայր աթոռը` անդրադառնալով երեկ` հունիսի 21–ին,  հանրահավաքի ժամանակ Փաշինյանի ելույթին։

Փաշինյանը երեկ երկխոսության կոչ էր արել հոգևոր առաջնորդներին։ Նա նշել էր` Աստծո ձայնին ոչ ոք իրավունք չունի հակադրվելու։

Բացի այդ, Մայր աթոռը դրական է գնահատում հանրահավաքի ժամանակ Փաշինյանի անդրադարձին համերաշխության, միաբանության, համազգային ողջ ներուժի համախմբման կարևորությանը, քաղաքական դաշտում հայհոյախոսությանը և ատելության խոսքին վերջ տալու անհրաժեշտությանը։

«Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես հանդես է եկել այս դիրքերից և ակնկալում է, որ նոր ձևավորվող իշխանությունը գործնական և հետևողական քայլեր կձեռնարկի եկեղեցու հետ գործակցության իրենց իսկ առաջարկն իրականացնելու, ինչպես և հանրային համերաշխություն ձևավորելու ուղղությամբ»,–նշված է հայտարարության մեջ։

Բացի այդ, Մայր աթոռն անդրադարձել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ, հակառակ նախընտրական լարվածությանը, սուր հակադրությունների և արձանագրված որոշ խախտումների, դրանք ունեցան համեմատաբար խաղաղ ընթացք և անցան առանց լուրջ միջադեպերի։

«Քաղաքական ճգնաժամը հաղթահարված է, մենք վերադառնում ենք աշխատանքի». Նիկոլ Փաշինյան

Նշվում է, որ եկեղեցու համար չափազանց կարևոր է, որ երկրի ղեկավարումը ստանձնող քաղաքական ուժը կարող լինի ապահովելու ազգանպաստ լուծումները այնպիսի հարցերի, որոնք վերաբերում են Հայաստանի, Արցախի և ժողովրդի անվտանգությանը, ազգային ինքնության և արժեհամակարգի պաշտպանությանը։

Հոգևոր դասն իր հերթին խոստանում է շարունակել անել ամեն անհրաժեշտը, որպեսզի ժողովուրդն ուժ գտնի իր մեջ վերականգնելու իր անվտանգությունն ու ամրությունը՝ շարունակելու ուղին դեպի նոր հարյուրամյակներ։

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 8-ին Ամենայն hայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հորդորել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները։

Հավելենք նաև, որ ընտրություններին նախորդած քարոզարշավի շրջանակներում Փաշինյանը քանիցս անդրադարձել էր հոգևորականներին` տարբեր գնահատականներ հնչեցնելով։

Բանալի բառը «բոլորի վարչապետ լինելն է»․ հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Արամ Սարգսյանը