ՄԱԿ–ի քաղաքակրթությունների դաշինքի անդամը այցելել է Բաքվի տիրապետության տակ անցած շրջաններ

Արցախյան հակամարտության գոտի ՄԱԿ–ի քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցչի այցի նպատակը «Ադրբեջանի պատմամշակութային և կրոնական ժառանգության վիճակի հետ ծանոթանալն է»։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՄԱԿ–ի քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսը ժամանել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ անցած Ակնայի (Աղդամ) շրջան։

Ինչպես հայտնում է Sputnik Ադրբեջանը, այցի նպատակը Բաքվի վերահսկողության տակ գտնվող շրջաններում իրավիճակին ծանոթանալն է։

Էջմիածինը դատապարտում է Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը

«Միգել Անխել Մորատինոսը տեղում ծանոթացել է քաղաքի գլխավոր հատակագծի, ինչպես նաև Ադրբեջանի պատմամշակութային և կրոնական ժառանգության վիճակի հետ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ավելի վաղ Մորատինոսն այցելել էր Վարանդայի (Ֆիզուլի) շրջան։

Հայտնել էինք, որ Ադրբեջանի իշխանությունները որոշել էին ՅՈւՆԵՍԿՕ–ի առաքելությանը ԼՂ թողնել մարտական գործողություններից հետո պատմամշակութային հուշարձանների վիճակին ծանոթանալու համար։

Եղեռն եղեռնից հետո. մշակութային ի՞նչ արժեքներ են մնացել Ադրբեջանի վերահսկողության տակ

Հիշեցնենք, որ Քաղաքակրթությունների դաշինքը միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2004 թվականի սեպտեմբերի 21-ին` ՄԱԿ–ի 59-րդ ԳԱ–ի ժամանակ,  Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի առաջարկած նախաձեռնությամբ։ Այն աջակցություն էր ստացել Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։

Նախաձեռնության նպատակն է ծայրահեղականության դեմ միջազգային գործողություններ ծավալել` ազգամիջյան, միջմշակութային և միջկրոնական երկխոսության ու փոխգործակցության հաստատման միջոցով։