ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը։ Լուկաշենկոն Բելառուսի ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Փաշինյանին և նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով։
«Ձեր նպատակասլացությունն ու նվիրվածությունը հայ ժողովրդի շահերին դարձել են հաջողության գրավական երկրի համար կարևորագույն հասարակական-քաղաքական այս արշավում»,- նշել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Մինսկի և Երևանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությունը կզարգանա ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարեկամության և բարգավաճման:
Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություն անցկացվեց։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։
Հունիսի 21-ին ԿԸՀ–ն ամփոփեց բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։
«Հայաստան» դաշինքը դատի է տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին