Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության ձևավորմամբ երկկողմ հարաբերությունները կզարգանան և կխորանան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն ողջունել է Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունների հաջող անցկացումը։ Տեղեկությունը հայտնում Է Mehr գործակալությունը:

Քաղաքական կայունությունը կարևոր է․ Լիտվայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Խաթիբզադեն հաջողություն է մաղթել ընտրություններում հաղթած քաղաքական ուժին՝ հույս հայտնելով, որ խաղաղության և ներքին կայունության ամրապնդումը կնպաստի Հայաստանի առաջընթացին:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության ձևավորմամբ կզարգանան ու կխորանան նաև հայ-իրանական երկկողմ հարաբերությունները։

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություն անցկացվեց։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն ամփոփեց բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։