Ֆրանսիան ողջունում է Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրությունները. ԱԳՆ

Ֆրանսիան վերահաստատում է աջակցությունը ՀՀ սուվերենությանը և տարածքային ամբողջականությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Ֆրանսիան ողջունում է կիրակի՝ հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։

«Ֆրանսիան ի գիտություն է ընդունում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը՝ քվեարկության գոհացուցիչ մակարդակի առնչությամբ։ Ֆրանսիան լիահույս է, որ այս ընտրությունները թույլ կտան Հայաստանին դիմագրավել իր առաջ ծառացած բազմաթիվ մարտահրավերները»,– նշում է ԱԳՆ–ն։

Ֆրանսիան վերահաստատում է իր վճռականությունը աջակցել Հայաստանին այդ գործում, ինչպես նաև իր անսասան աջակցությունը Հայաստանի սուվերենությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական կառույցների ամրապնդմանը։

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություն անցկացվեց։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն ամփոփեց բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

«Հայաստան» դաշինքը դատի է տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին