«Ես փախչող տեսակ չեմ». Արցախի նախագահը` իր հրաժարական չտալու մասին

ԱՀ նախագահը նշեց, թե պատերազմի օրերին ինքը նախագահի նստավայրում չի եղել, դրա համար էլ այն չեն հրետակոծել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրապարակային ուղերձով դիմեց արցախահայությանը։

Նշենք, որ արդեն երկրորդ օրն է՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք է անցկացվում՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, երկու քաղաքացի էլ երեկվանից հացադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի։ Նրանց, մասնավորաբար, վրդովել էր այն փաստը, որ Արցախի նախագահը շնորհավորել է «կապիտուլյացիա ստորագրած» Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ ընտրություններում հաղթանակի առիթով։

Արցախի նախագահը ՔՊ–ի գրասենյակում է

Արայիկ Հարությունյանը նշեց, որ իր՝ հրաժարական չտալու պատճառը ոչ թե աթոռից կառչած լինելն է, այլ պատասխանատվությունը։

«Հիմարություն կլինի մտածել, թե հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից, թե ես որևէ անձնական շահագրգռվածություն ունեմ շարունակելու պաշտոնավարումս։ Ամենևին ոչ, ես պարզապես ինձ պատասխանատու եմ զգում մեր ժողովրդի ու հաջորդ սերունդների հանդեպ, այնքան պատասխանատու, որ հանկարծ իմ հուզական ու անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը, ներառյալ հրաժարականս պահանջող անձինք չմնան պետականության փլատակների տակ»,- նշեց նա։

ԱՀ նախագահը շեշտեց՝ ինքը փախչող տեսակ չէ և անդրադարձավ իրեն վերագրվող դավաճանության մեղադրանքներին և այն խոսակցություններին, թե ինչու պատերազմի 44 օրերի ընթացքում նախագահական նստավայրը ոչ մի անգամ չի հրետակոծվել։

Արցախցիներին պառակտելու փորձերն անընդունելի են․ Արցախի ՄԻՊ-ը լինելու է հավաքի վայրում

Ընդգծեց՝ եթե ինքն իր սեփական անձի մասին այդքան անհանգստացող մարդ լիներ, ապա պատերազմի ընթացքում գրեթե ամեն օր չէր լինի առաջնագծի ամենաթեժ ու վտանգավոր կետերում։ Նշեց՝ շենքի ուղղությամբ չեն կրակել, որովհետև ինքն էլ շենքում չի եղել։