ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Քվեների վերահաշվարկի դիմումներ են ներկայացվել թվով 27 տեղամասերի քվեարկության արդյունքների վերաբերյալ, որոնցից միայն 3 տեղամասերի վերաբերյալ դիմումներն են ներկայացվել իրավասու սուբյեկտների կողմից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
«Այնուամենայնիվ, համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից վերահաշվարկ կիրականացվի նաև մնացյալ 24 տեղամասում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ԿԸՀ–ի` հունիսի 23-ին՝ ժամը 10։00-ից սկսած, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5, թիվ 7, թիվ 9, թիվ 10, թիվ 11, թիվ 13, թիվ 14, թիվ 17, թիվ 23, թիվ 24, թիվ 25, թիվ 31, թիվ 33, թիվ 34 և թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովներում կշարունակվեն իրականացվել ընդհանուր առմամբ 70-ից ավելի ընտրական տեղամասերի վերահաշվարկի աշխատանքները։
Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներ չեն ստացվել:
2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հունիսի 22-ը` ժամը 11.00-ն:
Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություն անցկացվեց։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։
Հունիսի 21-ին ԿԸՀ–ն ամփոփեց բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։
«Հայաստան» դաշինքը դատի է տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին