Արցախի նախագահը խոստանում է բաց ու անկեղծ ելույթ ունենալ

Արցախի նախագահը բոլորին հրավիրում է ներկա գտնվել հանրահավաքին, որը տեղի կունենա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր Ստեփանակերտում հանդես կգա ուղերձով։ Այս մասին նա գրել է իր Facebook-յան էջում։

Հաջողություններ եմ մաղթում. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Փաշինյանին

«Հաշվի առնելով այս օրերին Արցախում ձևավորված ներքաղաքական լարվածությունը և վերջին ամիսներին կուտակված հարցերը՝ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես կգամ ուղերձով: Բոլորին հրավիրում եմ ներկա գտնվել այսօրվա հանրահավաքին. ելույթս կսկսեմ ժամը 18:00-ին», – գրել է Հարությունյանը։

Ասում է, որ պատրաստվում է բաց ու անկեղծ խոսել բոլոր հիմնական խնդիրների ու լուծումների մասին՝ պատերազմից մինչև ներկա անվտանգային ու սոցիալ-տնտեսական իրավիճակ, ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններից մինչև ներքաղաքական զարգացումներ:

«Ցավում եմ, որ այս հեղհեղուկ իրավիճակում ողջախոհությունը լքում է շատերին՝ առանց ընկալելու իրավիճակի լրջությունը Արցախի ապագայի համար: Անկախ իմ հանդեպ ոմանց վերաբերմունքից՝ ես այս ծանր իրավիճակում պատասխանատվություն եմ կրում Արցախի բոլոր քաղաքացիների համար։ Սպասում եմ բոլորիդ»,– ավարտել է գրառումը նա։

Արցախը միշտ կարևորել է Ռուսաստանի դերը տարածաշրջանում. Արայիկ Հարությունյան

Նշենք, որ երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվել էին տասնյակ արցախցիներ, նրանք պահանջում են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Առիթներից մեկն այն է, որ Արայիկ Հարությունյանը ՀՀ ընտրությունների ժամանակ այցելել էր ՔՊ գրասենյակ, որը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել։