Արա Այվազյանն անհեթեթ է համարում Արմեն Գրիգորյանի մեղադրանքը

Նախկին արտգործնախարարը Sputnik Արմենիայի հետ զրույցում արձագանքել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի` իր հասցեին արած հայտարարությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանն անհեթեթ է համարում իշխանության` իրեն ուղղված մեղադրանքը։

«Անհեթեթությունները չեմ մեկնաբանում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Այվազյանը` արձագանքելով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, թե Այվազյանն իր պաշտոնավարման ժամանակ տորպեդահարել ու խոչընդոտել է գերիների հարցի լուծումը։

«Հարցազրույցը ես չեմ լսել, բայց եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա ես անհեթեթությունները չեմ մեկնաբանում»,– ասաց Այվազյանը` չբացառելով, որ հարցազրույցն անձամբ դիտելուց հետո ավելի մանրամասն կմեկնաբանի, եթե հարկ համարի։

Հիշեցնենք` այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ գերիների հարցը լուծվեց միայն մայիսի 27-ից հետո, երբ Այվազյանը հրաժարական տվեց։

Ըստ նրա` Այվազյանը ստել էր գործընկերներին, թե Հայաստանն ականապատման քարտեզներ չունի` դրանով նպատակ ունենալով խնդիրներ ստեղծել իշխող քաղաքական թիմի համար

Նշենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։

Դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։