Անկախ Հայաստանի պատմության մեջ աշխատանքի շուկան մայիսին ռեկորդ է խփել. Քերոբյան

Վահան Քերոբյանը նշում է՝ Հայաստանում կա աշխատողների խիստ պակաս՝ հովիվ, ծրագրավորող, շինարար, մատուցող, դիզայներ, խառատ ու զոդող բանվոր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացնում է, որ 2021 թվականի մայիսին աշխատանքի շուկան անկախ Հայաստանի պատմության մեջ ռեկորդ է խփել՝ 634 951 հարկման բազա ունեցող անձ կա։ Նա ֆեյսբուքյան իր էջում է նման գրառում արել` տվյալներ հայտնելով։

Քաղաքացին List.am-ով ապօրինի կերպով ծխախոտ է վաճառել. ՊԵԿ

«Լավ նորությունը նաև այն է, որ աշխատատեղերի քանակն ավելացել է նույնիսկ 2019 թվականի սեզոնայնությամբ ճշգրտված։ Ես կոչով դիմում եմ բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում կա աշխատողների խիստ պակաս՝ հովիվ, ծրագրավորող, շինարար, մատուցող, դիզայներ, խառատ ու զոդող բանվոր»,–գրել է նա։

Ի դեպ, ՊԵԿ–ն էլ իր հերթին հայտնել էր, որ  2021 թվականի մայիս ամսին, նախորդ տարիների նույն ամսվա համեմատ, աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)՝  կազմելով շուրջ 212 000 դրամ: 2020 թվականի մայիս ամսվա այս ցուցանիշը կազմել է 194 000 դրամ, 2019 թվականին` 187 000 դրամ, իսկ 2018 թվականին` 176 000 դրամ:

Նշենք, որ հիմա ոչ միայն աշխատատեղերն են գրանցում, այլ նաև իրական աշխատավարձերի չափն են ցույց տալիս ցուցակներում (գաղտնիք չէ, որ գործատուն աշխատավարձի մի մասն առձեռն, իսկ մյուսը փոխանցմամբ է վճարում աշխատակցին)։

Ինչը կարող է դրական ազդակ լինել ներդրումների համար. Քթոյանը`տնտեսական միջավայրի մասին

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ ցանկացած գրանցված աշխատատեղ ձևավորում է լրացուցիչ հարկային եկամուտ, որը նպաստում է երկրի անվտանգության ապահովմանը: